Ի՞նչ տարբերություն ծնողական իրավունքներից զրկելու և դրանք սահմանափակելու միջև

Ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից, եթե նրանք՝

ա) չարամտորեն խուսափում են ծնողական պարտականությունները կատարելուց, ընդ որում՝ ալիմենտ վճարելուց.
բ) առանց հարգելի պատճառների հրաժարվում են վերցնել իրենց երեխային ծննդատնից կամ բժշկական այլ կազմակերպությունից, ինչպես նաև դաստիարակչական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից.
գ) չարաշահում են իրենց ծնողական իրավունքները, ընդ որում՝ իրենց հակաբարոյական վարքագծով վնասակար ազդեցություն են գործում երեխաների վրա.
դ) դաժանաբար են վարվում երեխաների հետ, ընդ որում՝ ֆիզիկական կամ հոգեկան բռնություն են գործադրում նրանց նկատմամբ, ոտնձգում են նրանց սեռական անձեռնմխելիությունը.
ե) տառապում են քրոնիկ ալկոհոլամոլությամբ կամ թմրամոլությամբ, թունամոլությամբ.
զ) կատարել են իրենց երեխաների դեմ դիտավորյալ հանցագործություն։

«Ծնողական իրավունքներից զրկված ծնողները կորցնում են այն երեխայի հետ ազգակցության փաստի վրա հիմնված բոլոր իրավունքները, որի նկատմամբ ծնողական իրավունքներից նրանք զրկվել են (ընդ որում՝ նրանցից ապրուստի միջոց ստանալու, ինչպես նաև երեխաներ ունեցող քաղաքացիների համար սահմանված արտոնությունների ու պետական նպաստների իրավունքները)։ Միևնույն ժամանակ, ծնողական իրավունքներից զրկելը ծնողներին չի ազատում իրենց երեխայի ապրուստը հոգալու պարտականությունից»,-Իրավաբան.նեթ-ի հետ զրույցի ընթացքում տեղեկացրեց փաստաբան Արփինե Եղիկյանը։

Ծնողական իրավունքների սահմանափակումը ծնողներից (ծնողներից մեկից) երեխային վերցնելն է՝ առանց ծնողական իրավունքներից զրկելու, ելնելով երեխայի շահերից` դատարանի վճռի հիման վրա:

Փաստաբանը հայտնում է նաև, որ. «Ծնողական իրավունքների սահմանափակում թույլատրվում է, եթե երեխային ծնողների կամ նրանցից մեկի հետ թողնելը նրա համար վտանգավոր է ծնողներից կամ նրանցից մեկից անկախ հանգամանքներից (հոգեկան կամ այլ քրոնիկ հիվանդություն, ծանր հանգամանքների առկայություն և այլն)»։

Ծնողական իրավունքների սահմանափակում թույլատրվում է նաև այն դեպքերում, երբ թեև երեխային ծնողների կամ նրանցից մեկի մոտ թողնելը վերջիններիս վարքագծի հետևանքով վտանգավոր է երեխայի համար, սակայն բավարար հիմքեր չկան ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել