Հայրենիքի ազատության գաղափարը ամենավեհ զգացումն է յուրաքանչյուր քաղաքացու համար: Եվ այդ զգացումով էլ ոգեշնչված մեր հերոսը գնում է դեպի Արցախյան պատերազմ` իր հայրենական պարտքը կատարելու…
2009թ.-ի հունիսի 17-ին Շահերի պաշտպանության և աջակցության Արարատի ընդունարան դիմեց Արալեզ գյուղի բնակչուհի Վ. Սաֆարյանը և հայտնեց, որ իր որդին Արցախյան պատերազմի հետևանքով ձեռք է բերել հոգեկան հիվանդություն, որը գլուխ է բարձրացրել 1995թ.-ին: Հիվանդության ընթացքում դրսևորված ոչ ճիշտ վարքի համար Արարատի մարզի առաջին ատյանի դատարանը 2007թ. հունվարի 30-ին կիրառել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց, այն է` նրան տեղավորել հարկադրական բուժման ընդհանուր տիպի հսկողության հոգեբուժական հիվանդանոցում: Որդին բուժվում էր ՀՀ առողջապահության նախարարության կից հոգեբուժական հիվանդանոցներից մեկում, որտեղ նրան անուշադրության են մատնել բաժնի վարիչը և հրաժարվում էր նրա նկատմամբ ցուցաբերել պատշաճ ուշադրություն, պատճառաբանելով, թե վերջինս պատասխանատվություն չի կրում նրա որդուն խնամելու համար: Բոլորիս համար պարզ է, թե ինչ է զգում մայրը, երբ տեսնում է իր որդուն անօգնական և անմխիթար վիճակում:
Եվ քանի որ որդու առողջական վիճակը փոքր-ինչ բարելավվել էր, մայրը դիմել է բաժնի վարիչին` խնդրանքով, որ որդուն հանձնեն իր խնամքին, սակայն մերժվել էր: Համապատասխան մարմիններին դիմելուց և մերժում ստանալուց հետո Վ.Սաֆարյանը դիմեց Արարատի Շահերի պաշտպանության և աջակցության ընդունարան` խնդրելով իրեն աջակցելու այդ հարցում:
Արարատի ընդունարանի կողմից գրություն հղվեց ՀՀ առողջապահության նախարարին` խնդրանքով, որ վերջիններս միջամտեն այս գործընթացին, և Վ.Սաֆարյանի որդուն հանձնեն մոր խնամքին, քանի որ վերջինիս առողջական վիճակը լավացել է, և բացակայում է քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցում հարկադրաբար պահելու անհրաժեշտությունը: Ի պատասխան մեր կողմից հղված գրությանը, ՀՀ առողջապահության նախարարությունը բավարարել է այն, և կարգադրել է բուժհաստատությանը երեխային անմիջապես հանձնել մոր խնամքին:
«Անչափ շնորհակալ եմ, Արարատի Շահերի պաշտպանության և աջակցության ընդունարանի գործունեությունը դրական ազդեցություն ունեցավ, այժմ որդիս Ձեր շնորհիվ իմ կողքին է: Դուք հավատ ներշնչեցիք, և ևս մեկ անգամ վստահեցրեցիք, որ պաշտպանվում է յուրաքանչյուր քաղաքացու շահերն ու իրավունքները»,-ասաց քաղաքացին գործի հաջող ավարտից հետո: