Բոլորին է երևի հայտնի, որ դատարան հայց ներկայացրած անձի` հայցվորի դիմումի հիման վրա դատարանը կարճում է քաղաքացիական գործի վարույթը (Քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 109, կետ 6):
Այս պարագայում, փաստորեն, դատարանը չի իրականացնում գործի ըստ էության քննություն, այսինքն` գործի վարույթը կարճում է` անկախ հայցի` հիմնավոր կամ անհիմն լինելու հանգամանքից:
Պրակտիկայում հաճախ է պատահում, որ հայցից հրաժարված հայցվորը հետագայում մտափոխվում է և ցանկանում է, որ դատարանը ըստ էության քննի հայցը և վճիռ կայացնի:
Կարո՞ղ է արդյոք նման պայմաններում հայցվորը վերաքննիչ բողոք ներկայացնել` առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծած կարճման վճիռը բեկանելու և գործն ըստ էության լուծելու պահանջով:
«Քաղաքացիական դատավարության հիմնարար սկզբունքների ուսումնասիրությունից և վերլուծությունից ողջամտորեն բխում է, որ գործի վարույթի կարճումն իրենից ներկայացնում է քաղաքացիական գործի վարույթի ավարտ` առանց դատարանի կողմից գործն ըստ էության քննելու և վեճը լուծող վերջնական դատական ակտ կայացնելու։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանը գործն ըստ էության կրկնակի քննող դատարան է, ուստի կարելի է փաստել, որ վերաքննիչ դատարանը կարող է քննել գործը, եթե այն մեկ անգամ արդեն քննվել է առաջին ատյանի դատարանի կողմից: