ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր, Կենտրոնականի քննչական բաժնում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ Արմեն Առաքելյանը մեղադրվում է պաշտոնական փաստաթղթեր, դրոշմներ կամ կնիքներ հափշտակելու, ոչնչացնելու, վնասելու կամ թաքցնելու մեջ, որը կատարվել է շահադիտական դրդումներով կամ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով:
Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, 2013թ մայիսի 14-ին Արմեն Առաքելյանը, անձնական շահագրգրվածությունից ելնելով, ՔԿ հիմնարկի քննչական գործողությունների համար նախատեսված սենյակում քրեական գործի նյութերին ծանոթանալու ընթացքում, պատռելու եղանակով ոչնչացրել է քրեական գործում առկա, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, ոստիկանության Կենտրոնականի բաժնում իր կողմից տրված դեպքի մասին խոստովանական բացատրության և որպես կասկածյալ ցուցմունքի արձանագրությունները:
Տեղեկացնենք, որ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի 2-րդ մասին` պաշտոնական փաստաթղթեր, դրոշմներ կամ կնիքներ հափշտակելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը, որը կատարվել է շահադիտական դրդումներով կամ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի (300.000-500.000) չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Գործի դատաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: