Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու համար դիմելու կարգը

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներից մեկը կամ միակ ծնողը կամ որդեգրողը կամ խնամակալը մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:

Երեխայի խնամքի նպաստի իրավունքը ծագում է ծնողի համար նրա` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին համապատասխան գործատուի (համատեղությամբ աշխատելու դեպքում` գործատուների, այսուհետ` գործատու) իրավական ակտում նշված ամսից:

Երեխայի խնամքի նպաստի համար ծնողը պետք է դիմի իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին և ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում, որում դիմողը լրացնում է իր ընտանիքի բնակության վայրի (հասցեն, կացարանը), իր անձը հաստատող փաստաթղթի տվյալները, իր և երեխայի սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը, ինչպես նաև նպաստի վճարման եղանակը (կանխիկ կամ անկանխիկ).
2) երեխայի ծննդյան վկայականի պատճենը.
3) տեղեկանք գործատուից իր` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին.
4) երեխայի խնամքի նպաստ ստացող ծնողին` իր կրտսեր հաջորդ երեխայի համար երեխայի խնամքի նպաստ նշանակվելու դեպքում` տեղեկանք գործատուից` կրտսեր երեխայի ծննդյան կապակցությամբ ծնողին տրված, ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված, ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի մասին.
5) երեխայի խնամքի նպաստի համար վերը նշված փաստաթղթերը չեն պահանջվում, եթե դրանք ներառված են համապատասխան մարմինների էլեկտրոնային տեղեկատվական բազաներում:

Դիմումը ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, տարածքային մարմինը դիմումում հայտարարագրված բնակության վայրի հասցեի և այնտեղ բնակվող անձանց մասին տվյալների հավաստիությունը ճշտում է բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների միջոցով:

Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է իրավունքը ծագելու ամսվան հաջորդող ամսվա մեկից, եթե ծնողը դիմել է ոչ ուշ, քան իրավունքը ծագելուց հետո՝ տասներկու ամսվա ընթացքում:

Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա մեկից, եթե ծնողը դիմել է իրավունքը ծագելուց հետո՝ տասներկու ամիս անց:
Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչև 2 տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում է յուրաքանչյուր երեխայի համար` անկախ գործատուի հրամանում այդ մասին նշված լինելու հանգամանքից:

Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է մինչև երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի համար:

Երեխայի խնամքի նպաստ ստացող ծնողի` կրտսեր երեխայի համար երեխայի խնամքի նպաստը նշանակվում է կրտսեր երեխայի ծննդյան կապակցությամբ ծնողին տրված, ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված, ժամանակավոր անաշխատունակության օրացուցային վերջին օրվա ամսվան հաջորդող ամսվա մեկից:

Երեխայի խնամքի նպաստը նշանակելուց հետո՝ 15 օրվա ընթացքում, տարածքային մարմինն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է համապատասխան գործատուին:

Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձի` մինչև երեխայի երկու տարեկանը լրանալու ժամանակահատվածում աշխատանքի ներկայանալուց կամ աշխատանքից ազատվելուց հետո` 15 օրվա ընթացքում, գործատուն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է համապատասխան տարածքային մարմին:

Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է մինչև ընթացիկ տարվա վերջը և շարունակվում է երեխայի խնամքի նպաստի վճարումը հաջորդ տարի, եթե ծնողը մինչև հաջորդ տարվա վերջը կրկին ներկայացնում է օրենքով նախատեսված տեղեկանքները:

Նշանակված, սակայն երեխայի խնամքի չվճարված նպաստը ծնողին վճարվում է միանվագ` նպաստը չստանալու ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան դիմելուն նախորդած մեկ տարվա համար:
Երեխայի խնամքի նպաստի վճարումը դադարեցվում է՝
ա) երեխայի 2 տարեկանը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից,
բ) երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (մանկատուն) տեղավորելու,
գ) ծնողի աշխատելու,
դ) ծնողի աշխատանքից ազատվելու,
ե) երեխայի և (կամ) ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունից մեկնելու,
զ) երեխայի կամ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի մահվան դեպքերում` համապատասխան հանգամանքն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա մեկից:

Հիշեցնենք, որ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաuտի չափը կազմում է 18 000 դրամ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել