2013թ. առաջին կիսամյակի ընթացքում որոշակի դրական աշխատանքներ են կատարվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի կազմակերպման և իրականացման ուղղությամբ: Այս մասին հայտնել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը ՀՀ դատախազության կոլեգիայի 2013թ. օգոստոսի 7-ի նիստում:
Ըստ նրա զեկույցի՝ 2013թ. առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների 593 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 575-ի դիմաց, այսինքն` դեպքերն աճել են 18-ով կամ 3,1%-ով:
Հաշվետու կիսամյակում գրանցվել է իրացման նպատակով թմրամիջոցի ապօրինի շրջանառության 312 դեպք` նախորդ տարվա առաջին կիսամյակի 271-ի դիմաց (իրացման դեպքերն աճել են 41-ով կամ 15,1%-ով): Առգրավվել են 12 կգ 470 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ (2012թ. 1-ին կիսամյակում 5 կգ 586 գրամ), այդ թվում` 5.5 կգ մարիխուանա, 1.2 կգ հաշիշ, 5.5 կգ ափիոն և այլն: Քրեական պատասխանատվության ենթարկված 272 անձանցից 59-ը դատապարտվել են իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար:
«Ինչպես նախկինում, այնպես էլ այս տարվա ընթացքում գլխավոր դատախազության թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի անմիջական նախաձեռնությամբ բացահայտվել և առգրավվել են տարբեր խմբաքանակներով թմրամիջոցներ, հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր, որոնցով դատապարտվել են 42 անձինք: Պաշտոնական պարտականությունները բաժնի աշխատակիցները կատարել են խիստ ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով: Քրեական գործերով իրականացվել է պատշաճ դատախազական հսկողություն, սահմանվել են համաչափ պատիժներ: Բաժինը համալրման կարիք ունի»,- ասել է Արամ Թամազյանը:
Վերջինիս խոսքերով՝ այս ոլորտում կատարվող հանցագործությունների բացահայտումը որոշակի բարդություն է ներկայացնում` առավել ևս այն դեպքերում, երբ թմրամիջոցը անմիջականորեն չի հայտնաբերվում անձի մոտ:
«Բազմաթիվ բարդություններից կուզեի կրկին անդրադառնալ վերջին ժամանակներս տարածում ստացած` ծանրոցում թաքցնելու եղանակով արտերկրից Հայաստանի Հանրապետություն թմրամիջոց առաքելու դեպքերին: Այդպիսիք բացահայտվելու ժամանակ ծանրոց ստացողները հիմնականում ժխտում են ծանրոցում թմրամիջոց լինելու մասին իրենց տեղյակ լինելու հանգամանքը, նույնիսկ փորձում են պատճառաբանել, որ չեն ճանաչում իրենց անունով ծանրոց ուղարկած անձին, որ այդ արված է հատուկ իրենց բռնել տալու նպատակով և այլն: Նման փակուղային իրավիճակներից խուսափելու համար առաջարկվել է մաքսային մարմիններին արտերկրից ստացված ծանրոցների ժամանակ օրենքի շրջանակներում նախատեսել որոշակի լրացուցիչ գործոններ` հաշվի առնելով նաև այդ հանցատեսակի անդրազգային և հետզհետե ավելի մեծ ծավալներ ու անձանց շրջանակ ընդգրկելու բնույթը»- խոսքը եզրափակել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալը: