Գողություն «Լաթար» ռեստորանային համալիրում

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Զավեն Մուրադյանի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Զավեն Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով «Լաթար» ռեստորանային համալիրում որպես անվտանգության աշխատակից, 2012 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին՝ քննությամբ չպարզված օրը, գաղտնի վերցնելով նույն համալիրի պահեստի բանալին, բացել է այն և ապօրինի մուտք գործելով պահեստարան,՝ այնտեղից գաղտնի հափշտակել է թվով 2 հատ բարձրախոս` պատճառելով 2.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Գործով մեղադրյալ Զավեն Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-3-րդ կետերի հատկանիշներով, ըստ որի` գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը, որը կատարվել է խոշոր չափերով, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով`պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել