Առաջարկվում է յուրաքանչյուր առցանց տաքսի պատվերից 100 դրամի տուրք գանձել

100 դրամ պետական տուրք՝ յուրաքանչյուր պատվերից: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է օնլայն հարթակներով տաքսի ծառայություն մատուցող՝ այսպես ասած միջնորդ կազմակերպություններին հարկային դաշտ բերել, պետական տուրք գանձել, հայտնում է 1lurer.am-ը։

«Կան օնլայն ագրեգատորը և այդ ագրեգատորին կպած տաքսոպարկերը: Դրանք հիմնականում Հայաստանում գրանցված ընկերություններ են, բայց օնլայն ագրեգատորները որպես էդպիսին ՀՀ-ում որևէ կարգավիճակ չունեն: Ինչպես իրենք են ասում՝ իրենք միջնորդ են հանդիսանում փոխադրողի և պատվիրատուի միջև և այդ միջնորդության համար գանձում են որոշակի գումար»,-նշում է ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

Հայաստանում առցանց տաքսի ծառայություն մատուցող երեք հիմնական ընկերությունից ստացված տվյալով՝ մոտ 30.000 ակտիվ վարորդ է աշխատում, որոնք օրական միջինում 100.000 պատվեր են ունենում՝ մինիմալը 400 դրամով: ՏԿԵ նախարարի տեղակալի խոսքով՝ օնլայն պատվերով աշխատող ընկերությունները կանոնավոր ուղևորափոխադրողներից այսկերպ ուղևոր են փախցնում:

«Եթե դու ավտոբուսով 4 հոգով երթևեկում ես, վճարում 400 դրամ, տաքսիով էլ ես էդքան վճարում: Սա ստացվում է անհավասար պայմաններ կանոնավոր ուղևորափոխադրումների և այս պահին որևէ կարգավիճակ չունեցող և որևէ տուրք չվճարող օնլայն տաքսիների միջև»,-նշում է փոխնախարարը:

Օնլայն տաքսի ծառայություն մատուցող երեք ընկերությունն էլ թեմայի շուրջ մեկնաբանություն չտվեց: Փոխարենը՝ տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահն իր մտահոգությունները հայտնեց: Վահագն Սահակյանի կարծիքով՝ պետական տուրքի փոխարեն անհրաժեշտ է բոլոր տաքսի ծառայություն մատուցողներին լիցենզավորման դաշտ բերել:

Նախագիծն այժմ Կառավարությունում է, օրենքի ուժ ստանալու պարագայում օնլայն յուրաքանչյուր պատվեր առնվազն 100 դրամով կթանկանա: Փոխնախարարի խոսքով՝ այդկերպ նաև մատուցվող ծառայությունների որակը կբարձրանա:

Նախագծով յուրաքանչյուր պատվերից տուրք չվճարելու, ուղևորին բջջային հավելվածի միջոցով էլեկտրոնային կտրոն չտրամադրելու դեպքում սահմանվում է 300.000 դրամի տուգանք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել