Կառավարության նիստի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց նախագիծ, որը վերաբերում է պետական կենսաթոշակների բարձրացմանը:
«Սեպտեմբերի 1-ից բազային կենսաթոշակի չափը սահմանվեց 21 հազար դրամ՝ 18 հազար դրամի փոխարեն, իսկ նվազագույն կենսաթոշակի չափը 28 հազար 600 դրամի փոխարեն սահմանվեց 30 հազար 500 դրամ: Գործող բանաձևով և օրենքով կենսաթոշակառուների որոշակի խումբ ավելի քիչ էր ստանում, քան 3000 դրամը, և մենք որոշեցինք, որ բարձրացնենք նաև նվազագույն կենսաթոշակի չափը՝ հասցնելով 31 հազար 600 դրամ, որը կերաշխավորի, որ բոլոր կենսաթոշակառուները սեպտեմբերի 1-ից մեր խոստացած 3000 դրամը կստանան:
Նախագծի ընդունման արդյունքում 16 հազար 600 կենսաթոշակառուի և 5186 զինկենսաթոշակառուի և շուրջ 75 000 նպաստառուի համար սեպտեմբերի 1-ից կավելանան կենսաթոշակն ու նպաստները: Այսինքն՝ մինչև այս որոշումը այն խումբը, որը սահմանված օրենքով ու բանաձևով 1900 կամ 2500 դրամ բարձրացում ուներ, մնացած հատվածը հոկտեմբերի կենսաթոշակի հետ կստանա»,- ասաց նախարարը:
Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 1-ից 97 հազար շահառուի համար կբարձրանան կենսաթոշակն ու նպաստը. բարձրացածը կստանան հոկտեմբեր ամսվա թոշակի հետ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից քաղաքացիներն ավելի բարձր կենսաթոշակ և նպաստ կստանան: Միջին ամսական աշխատանքային կենսաթոշակը կավելանա 3100 դրամով կամ 7.1 տոկոսով, զինվորական կենսաթոշակը՝ 5200 դրամով կամ 6.8 տոկոսով:
Մանրամասները՝ տեսանյութում։