ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն տեղեկացրել է, որ որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հետ ակտիվ համագործակցությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում առերևույթ թշնամու կողմն անցնելու, ինչպես նաև լրտեսությամբ դրսևորված՝ պետական դավաճանության 2 դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2022թ. օգոստոսի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և 424-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է երկու առանձին քրեական վարույթ:
Քրեական վարույթներով ձեռնակրված վարույթային և ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել ապացույցներ այն մասին, որ ՀՀ քաղաքացիներ Վ. Ղ.-ն և Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում բնակվող Ի.Վ.-ն հավաքագրվել են օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից, Վ.Ղ.-ն թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ տեսակի օգնություն է ցույց տվել նրանց, իր նախաձեռնությամբ կապ է հաստատել Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության աշխատակիցների հետ:
Նրանք առանձին-առանձին հաղորդակցության տարբեր միջոցներով դիմել են Ադրբեջանի Հանրապետության նախագահին՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու և Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու նպատակով:
Նշված քրեական վարույթներով հավաքված ապացույցների հիման վրա հսկող դատախազի կողմից 2022թ. օգոստոսի 18-ին կայացվել են Ի. Վ.-ի և Վ. Ղ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներ:
Միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Որոշումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ նշված անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: