Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար-Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի Հանրապետության նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի բերման ենթարկելու մասին Նախագահ Հարությունյանը տեղեկացված չի եղել:
«Արցախպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:
«Գեներալ Արզումանյանին Նախագահը համարում է մեր լավագույն զորահրամանատարներից մեկը, ով ունի անցած փառավոր ճանապարհ: Անուրանալի են նրա գործադրած ջանքերը նաև 2020թ.-ի պատերազմի ժամանակ: Ճիշտ է՝ բանակի հրամանատարությունը նա ստանձնել է պատերազմի ավարտից ընդամենը 12 օր առաջ, բայց գործադրել է մեծածավալ ջանքեր ռազմական գործողությունների արդյունավետ վարման ուղղությամբ:
Հուսով ենք, որ ձերբակալության հանգամանքները շուտափույթ կերպով կպարզվեն: Գեներալ Արզումանյանի ձերբակալության հետ կապված իրավիճակի զարգացումները գտնվում են Նախագահ Հարությունյանի ուշադրության կենտրոնում»,- նշել է Լ. Ավանեսյանը:
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ԱՀ նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը բերման է ենթարկվել Արցախից Երևան գնալու ճանապարհին՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական վարչության քննիչների հանձնարարությամբ։