Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ է հղել, որում նշվում է․
«Կրթության, գիտության, արվեստի, մշակույթի և սպորտի պատվարժան գործիչներ, սիրելի՛ մանկավարժներ,
Հոգու անհուն ուրախությամբ ողջունում ենք ամենքիդ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ բերելով Հայրապետական մեր օրհնությունն ու ջերմագին բարեմաղթանքներն ուսումնական նոր տարվա մեկնարկի առիթով։ Ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ դուք կրկին համախմբվել եք մեր հոգու ծննդավայր աստվածակառույց Սուրբ Էջմիածնում՝ Տիրոջ օրհնությունը ստանալու և նոր հույսերով ու սպասումներով սկսելու կրթադաստիարակչական ձեր սրբազան առաքելությունը։ Այսօր ձեզ համար հավատքի վերանորոգության, մեր սուրբ հայրերի հոգեմտավոր վեհ գործի հանդեպ հավատարմության վերահաստատման և ուխտի օր է` նոր եռանդով մեր զավակների հոգում և սրտում գիտելիքների հետ մեկտեղ սերմանելու ազգային, հոգևոր և բարոյական մշտամնա արժեքները։
Աստվածահաճո և գովարժան է ձեր աշխատանքը, սիրելի՛ մանկավարժներ, կրթական գործի սիրելի մշակներ, քանզի հակառակ ժամանակի բազում խոչընդոտներին և դժվարություններին՝ անմնացորդ սիրով և անօրինակ նվիրումով շարունակում եք մեսրոպաշունչ ձեր առաքելությունը՝ հավատալով գիտելիքի ուժին, աշխարհը վերափոխող ու գեղեցկացնող կրթյալ, բանիմաց և առաքինի անհատների պատրաստության կարևորությանը։ Դուք եք այն ժրաջան սերմնացանները, որոնց ցանած բարի սերմերն ավետարանական առակի նմանողությամբ իրենց արդյունաշատ քաղցր պտուղները պիտի տան «մեկը՝ հարյուրապատիկ, մեկը՝ վաթսունապատիկ, մեկն էլ՝ երեսնապատիկ» (Մատթ․ ԺԳ․ 8): Հետևաբար, ամենայն պատասխանատվությամբ և բարձր գիտակցությամբ շարունակեք ձեր առաքելությունը, մեր զավակների մեջ սերմանե՛ք սեր միմյանց հանդեպ, բարու և արդարության հանդեպ, կրթե՛ք աստվածպաշտության և հայրենասիրության ոգով, ինքներդ ներշնչող և խանդավառող օրինակ դարձե՛ք նրանց համար՝ միշտ հիշելով Քրիստոսի Եկեղեցու լուսազարդ և սրբակյաց հայրերից Ս․ Հովհան Ոսկեբերանի խոսքը․ «Դաստիարակելու արվեստից ավելի բարձր արվեստ չկա: Իմաստուն դաստիարակը կերտում է մի կերպար, որին նայելով ցնծում են թե՛ մարդիկ և թե՛ Աստված»։ Այդ ցնծությունն ու անկողոպտելի ուրախությունը թող ոգի և ներշնչանք լինեն ամենքիս համար, իսկ մնայուն գիտելիքներով և կյանքի փորձառությամբ հասակ առած մեր սիրասուն զավակներն արժանավոր մարդիկ դառնան մեր հայրենիքի, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և ազգի համար։
Հայոց Եկեղեցին հոգեփրկչական իր ծառայությանը համընթաց շարունակելու է ազգապահպան առաքելությունը մեր «փոքր ածու»-ի կյանքում՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքի բոլոր համայնքներում մշտապես զորավիգ լինելով նաև կրթօջախներին, մանկավարժներիդ և կրթական բարեփոխումներին, որոնք ուղղված կլինեն կրթելու և դաստիարակելու ազգային ինքնության բարձր գիտակցությամբ և բարոյական ամուր նկարագրով սերունդներ։
Այսօր բազմաբևեռ և մարտահրավերներով լի մեր աշխարհում առավել կարևորվում են ժամանակին համահունչ կրթությունն ու ազգային, հոգևոր դաստիարակությունը՝ պահպանելու համար ինքնությունն ու ազգային դիմագիծը։ Մեր բազմադարյա պատմության մեջ դրա լավագույն դրսևորումը Սահակ-Մեսրոպյան փաղանգի օրինակն է՝ հավատքով քայլելու ժամանակի մեջ և ապագայատեսիլ հույսով լցնելու գալիք սերունդներին։ Այս հաստատ համոզումով է դարերի հոլովույթում Հայոց Եկեղեցին կյանքի կոչել կրթադաստիարակչական իր առաքելությունը՝ բյուրեղացնելով մեր ժողովրդի հոգին, որը մշտապես բաց է եղել աշխարհի առաջ, բայց միևնույն ժամանակ կառչած իր հավատքին ու նախնյաց ավանդներին։ Նույն առաքելությանն է կոչված նաև ժամանակի փորձությունները հաղթահարած «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան, որն անկախությունից հետո կրթական ասպարեզի ամենակարևոր ձեռքբերումներից է՝ ազգօգուտ բարի պտուղը Եկեղեցի-պետություն գործակցության և հետևողական բազմամյա աշխատանքի։ Առարկայի միջոցով ջամբվող արժեքները բոլոր ժամանակներում եղել են մեր ժողովրդի գոյության և հարատևության հենասյունը, երբեմն աներևույթ, սակայն մշտապես ամուր և անխորտակելի պատվարը ազգային ինքնագիտակցության։ Այս առարկայի ամբողջական դասավանդումը հանրակրթական դպրոցներում, ազգային կրթության պարտադիր տարրի պատշաճ ապահովումը բարձրագույն կրթության մեջ պետք է դառնան ամենքիս և հատկապես՝ հայրենի պետության հոգածության առարկան, եթե կամենում ենք ունենալ իրական արժեքներով սնուցվող անկախ պետականություն, կառուցել մեր նախնիների երազած շեն ու հզոր հայրենին, որի զավակները հասակ կառնեն հոգեմտավոր մեր ժառանգության համակարգային իմացությամբ և ճանաչողությամբ։ Միմիայն այս ճանապարհով կկարողանանք պահպանել ազգային մեր դիմագիծը և երաշխավորել ազգիս երթը դեպի նոր հազարամյակներ։
Վերստին Հայրապետական մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում կրթության բոլոր նվիրյալներիդ և մաղթում, որ Ամենակարող Տերն առավել զորացնի ձեզ ազգաշահ ձեր առաքելության և կոչման մեջ։ Մեր սրտաբուխ աղոթքն է առ Աստված, որպեսզի ուսումնական նոր տարին ամենքիդ համար դառնա հաջությունների և նորանոր ձեռքբերումների ժամանակաշրջան, որպեսզի Տիրոջով զորացած՝ անսպառ եռանդով, նվիրումով և պատասխանատվությամբ շարունակեք լուսավորել, կրթել և դաստիարակել մեր զավակներին։
Բարի, խաղաղ և պտղաբեր ուսումնական նոր տարեշրջան»։