Արցախի դատախազությունը՝ Աղավնո և Բերձոր համայնքներում բնակելի տների հրկիզման դեպքերի առթիվ հարուցված գործի մասին

ԱՀ դատախազությանը բացարձակապես այլ ենթատեքստով արված հարցման պատասխանի հիման վրա տարբեր լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել այն մասին, որ սույն թվականի օգոստոս ամսում Քաշաթաղի շրջանի Աղավնո և Բերձոր համայնքներում բնակելի տների հրկիզման դեպքերի առթիվ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից նախաձեռնվել էր քրեադատավարական գործընթաց: Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից։

«Հրապարակված տեղեկության կապակցությամբ անմիջապես սկսեցին ներկայացվել տարբեր բնույթի ու ծագման մեկնաբանություններ ու հայտարարություններ, որոնց ի պատասխան հայտնում ենք հետևյալը.

Արցախի Հանրապետության տարածքում տեղի ունեցած ենթադրյալ հանցավոր արարքների կապակցությամբ ԱՀ իրավապահ մարմինները պարտավոր են ապահովել միատեսակ մոտեցում և քրեադատավարական գործընթաց իրականացնել օրենքով սահմանված առիթների ու հիմքերի առկայության դեպքում, ինչը ենթադրում է դեպքի հանգամանքների հետազոտություն և համապատասխան դատավարական որոշման ընդունում (դեպքի ու դրա հետևանքների հետազոտությունը կարող է տեղի ունենալ բացառապես ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով): Նույնպիսի մոտեցում ցուցաբերվել է նաև քննարկվող դեպքերի առնչությամբ, որոնց առթիվ նախապատրաստված նյութերով իրականացվել են անհրաժեշտ դատավարական ստուգումներ և առաջիկայում կընդունվեն քրեական գործի հարուցման փուլը եզրափակող դատավարական որոշումներ:

Երևույթին տրված մտացածին մեկնաբանությունները և դրա կապակցությամբ արվող հայտարարությունները պարզագույն դատարկաբանություններ են, հայրենասեր ներկայանալու, ինքնահաստատվելու և իրավապահ մարմինների հասցեին մեղադրանքներ հնչեցնելու «անշուք» փորձեր»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել