«Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում». խոշտանգման ու կյանքից զրկման ռեկորդային չորս տարին

Երևանում տեղի ունեցավ «Մարդու իրավունքներն ու  քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով հանրային քննարկում, որին մասնակցեցին իրավապաշտպաններ, մարդու իրավունքների պաշտպանությամբ աշխատող նախկին ու ներկա պատգամավորներ, հասարակականքաղաքական գործիչներ, իրավիճակով մտահոգ բազմաթիվ քաղաքացիներ տարբեր ոլորտներից: Քննարկմանը զեկուցով հանդես եկավ քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի անդամ Վարազադատ Հարությունյանը, իրավիճակի հասարակականքաղաքական զարգացումները ներկայացրեց «Համախմբում» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը, իրավունքի գերակայության և սկզբունքների մասին խոսեց Ավետիք Իշխանյանը, խոսեցին հեղինակավոր ու պատվարժան մասնակիցներ: Ավետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, քննարկմանը ընթերցեց Ավետիքի ուղերձը Արմավիր ՔԿից, որում, մասնավորապես ասվում է

«Այս վարչակարգի գործելաոճը նոր չի՝ այն առանց խղճի խայթի նախկինում շրջափակել է դատարանները` դատավորներին ահաբեկելու և նրանց իր կամքին ենթարկելու նպատակով, հակասահմանադրական ճանապարհով զավթել է Սահմանադրական դատարանը, ցինիկ շանտաժի միջոցով իրեն է ենթարկել Բարձրագույն դատական խորհուրդը, իրավապահ համակարգում բարձրաձայն պետական պաշտոններին է նշանակել իր մոլեռանդ կամակատարներին։ Այս ամենն արվել է, որպեսզի ստեղծվի մոնոլիտ ռեպրեսիվ մեքենա, և նրա միջոցով բռնաճնշումներ իրականացվեն ազգային պայքարի դուրս եկած և վարչակարգի պարտվողական ուղեգիծը չհանդուրժող քաղաքացիներին և կազմակերպություններին։ Սակայն այսօր Հայաստանում հալածանքի են ենթարկվում ոչ միայն նրանք, այլ բանտարկված է արդարադատությունն ընդհանրապես։ Վարչակարգի տարատեսակ կամակատարները կարող են մարդ սպանել և շարունակել մնալ ազատության մեջ, իսկ մնացած քաղաքացիները զրկված են օրինական ճանապարհով սեփական շահերը և իրավունքները պաշտպանելու նույնիսկ տեսական հնարավորությունից»,-հնչեցրեց քաղբանտարկյալ Չալաբյանի խոսքերը նրա կինը: 

Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման աննախադեպ իրավիճակին անդրադարձավ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովը նախկին ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, նշելով «ԵԽում տարիներ շարունակ թքում էին մեզ վրա՝ ասելով, որ դուք կալանքը, որպես խափանման միջոց, շատ եք կիրառում և դա խոշտանգում է: Այսօր դատարանում իմ աչքի առաջ մահացավ Արմեն Գրիգորյանը: Աղվան Հովսեփյանը երբեք իմ հերոսը չի եղել և ես միշտ իր հետ կոնֆլիկտ եմ ունեցել, երբ նա գլխավոր դատախազ էր, բայց երբ երեկ ինձ ասացին, որ մարդը 27 շաքարով, մի հիվանդանոցից մյուսը տեղափոխելիս ուշաթափվել է, կոմատոզ վիճակ է: Սա ի՞նչ է, եթե ոչ խոշտանգում: Նույն Ավետիքի մասով՝ սա ուղղակիորեն մարդու նկատմամբ անձնական վրեժխնդրություն է»:

Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանն իր խոսքում նկատեց, որ կալանավորումը ՀՀում, մանավանդ վերջին իրադարձությունների լույսի ներքո, կիրառվում է, որպես պատիժ և երբ մարդը, հայտնվելով պետության ռեպրեսիվ մեքենայի դեմ, պաշտպանվելու նվազագույն հնարավորություն չունի անգամ, եթե քաղաքական իշխանությունը որոշել է մարդուն բանտարկել:

Նախկին պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանը նշեց, որ միջազգային կառույցների արձագանքի պակասը տեղի ունեցող մասսայական ապօրինություններին ու մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին, աշխատանքի բացակայության պատճառով է: Թեմային այլ դիտանկյունից անդրադարձավ Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը, նշելով, որ միջազգային կառույցները արձագանքում են խախտումներին, երբ հանրությունն է ընդվզում դրանց դեմ

«Երբ իշխանությանը հաջողվեց Սահմանադրական դատարանի նկատմամբ նման կերպ վարվել, նման կերպ վարվել դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ, Ազարյանի նկատմամբ հաջողվեց հարձակում կազմակերպել, և հասարակությունը լռեց, դատավորների մոտ անպաշտպանվածության զգացում առաջացավ: Մի հարց, որը ես բարձրացրել էի 2016 թվականի սահմանադրական փոփոխությունների ժամանակ, փոփոխությունների հեղինակների մոտ, թե արդյոք դուք գտնում եք, որ մենք այնքան ժողովրդավարական ենք դարձել, որ կարող ենք դատավորի անձեռնմխելիության շեմն իջեցնել: Եւ փորձը ցույց տվեց, որ ոչ, մենք դրան չենք հասել, և դատավորները սկսեցին ավելի զգուշավոր լինել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ըստ «Օրագիր» լրատվականի տեղեկատվության հարցմանն ի պատասխան հրապարակված տեղեկատվության, միայն  2018-22թթ. ՀՀում 68 դատապարտյալ ու կալանավոր է մահացել, այդ թվում նաև 2018թ. – 18 անձ, որից՝ 13 դատապարտյալ, 5 կալանավորված անձ, 2019թ. – 21 անձ, որից՝ 12 դատապարտյալ, 9 կալանավորված անձ, 2020թ. – 5 անձ, որից՝ 1 դատապարտյալ, 4 կալանավորված անձ, 2021թ. – 13 անձ, որից՝ 6 դատապարտյալ, 7 կալանավորված անձ, 2022թ. օգոստոսի 1-ի դրությամբ – 11 անձ, որից՝ 4 դատապարտյալ, 7 կալանավորված անձ: Այս թվերը բացասական իմաստով ռեկորդային են` անկախ Հայաստանի պատմության մեջ: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել