Տիգրան Սիմոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցի քննությունը կարճվեց․ ԲԴԽ

Այսօր՝ օգոստոսի 4-ին, ԲԴԽ-ում հրապարակվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:

Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդից։

Խորհուրդը որոշեց Տիգրան Սիմոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցի քննությունը կարճել:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը որոշում էր ընդունել, որի համաձայն Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Վիգենի Սիմոնյանի լիազորությունները դադարեցվել էին։

Որոշման մեջ ասվում է․

«Հիմք ընդունելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի Վիգենի կողմից 2022 թվականի օգոստոսի 2-ին ստացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է 2022 թվականի օգոստոսի 3-ից Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Վիգենի Սիմոնյանի լիազորությունները համարել դադարած»:

Iravaban.net-ը հայտնում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատավորի լիազորությունները դադարում են, եթե նա հրաժարական է ներկայացնում, 2-րդ մասի համաձայն՝ դատավորի լիազորությունները դադարում են այդ հարցի համար հրավիրված Բարձրագույն դատական խորհրդի նիստում դատավորի կողմից իր հրաժարականը պնդելու կամ այդ նիստին դատավորի չներկայանալու օրվանից:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնին Սիմոնյանը նշանակվել էր ՀՀ նախագահի 2021 թ․ հոկտեմբերի 25-ի հրամանագրի համաձայն։

Ավելի վաղ ևս՝ 2018 թվականի մայիսի 17-ին Տիգրան Սիմոնյանը նախագահի հրամանագրով նշանակվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, սակայն հրաժարական է ներկայացրել և 2018 թվականի սեպտեմբերի 6-ին նրա լիազորությունները դադարեցվել են: Վերջինս նշանակվել էր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնում, սակայն 2019 թվականի հունիսին ազատվել զբաղեցրած պաշտոնից։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել