Արարատ քաղաքի բնակչուհի Մ.Ստեփանյանը, ելնելով նյութական ծանր դրությունից, պարտքով գումար էր վերցրել մեկ այլ քաղաքացուց, որը կազմում էր 1000 ԱՄՆ դոլար: Գումարը վերցնելուց Մ.Ստեփանյանը ստացական էր ստորագրել և հանձնել պարտատիրոջը: Որոշ ժամանակ անց Մ.Ստեփանյանը, որպես պարտքի մի մասի մարում, որոշակի գումար է տվել պարտատիրոջը, վերջինս էլ այդ գումարը վերցրել էր որպես տոկոսներ և չէր նվազեցրել ընդհանուր գումարից: Քանի որ Մ.Ստեփանյանը, չէր կարողանում նշված ժամանակահատվածում ետ վերադարձնել գումարը, պարտատերը առաջարկեց իր «օգնությունը»: Պահանջելով Մ.Ստեփանյանի և իր երկու որդիների անձնագրերը` պարտատերը խոստացավ իր «ծանոթի միջոցով» վարկ ձևակերպել կարճ ժամանակամիջոցում և այդ գումարից ստանալ իրեն հասանելիքը:
Սակայն Մ.Ստեփանյանը չէր էլ պատկերացնում, որ «բարի կամեցողը» իր համար ծուղակ էր պատրաստել, ինչի արդյունքում էլ վերջինս իրենց անձնագրերը հանձնեց պարտատիրոջը: Որոշ ժամանակ անց, երբ անձնագրերը անհրաժեշտ էին Մ.Ստեփանյանին և իր որդիներին, վերջիններս ցանկացան ետ վերցնել` պարտատերը հրաժարվեց վերադարձնել` պահանջելով հավելյալ գումար կամ բնակարանը նոտարական կարգով վերագրանցել իր անունով: Մ.Ստեփանյանը չկարողանալով պարտատիրոջից ետ վերցնել իր և իր երկու որդիների անձնագրերը, դիմել է Արարատի ընդունարան` խնդրելով իրեն աջակցել այս հարցում:
Այսպես, նախ հարկ է նշել, որ քննարկվող գործի հաջող լուծմամբ՝ իրականացվել է քաղաքացու շահերի պաշտպանություն: Այնուհետև, տվյալ դեպքը կոռուպցիոն ռիսկ է պարունակում այնքանով, որ քաղաքացին (այս դեպքում պարտատուն) իրավունք չունի այլ քաղաքացու անձնագրերը խաբեությամբ և շահադիտական նկատառումներով վերցնելու և չվերադարձնելու: Այս արարքը քրեորեն պատժելի բնույթ է կրում: Եվ վերջապես, պարտատերը գործելով այն համոզմամբ, որ քաղաքացին չի կարող անել ոչինչ նշված իրավիճակից դուրս գալու համար, պատրաստվում էր հանցավոր համաձայնության մեջ մտնել Բանկի պաշտոնատար անձի հետ և կեղծ փաստաթղթեր կազմելով՝ իրականացներ «վարկի» ձևակերպում: Այդուհանդերձ, ընդունարանը կատարելով իր առջև դրված խնդիրներն ու նպատակները, կարողացավ կանխել հնարավոր կոռուպցիան՝ իր բոլոր դրսևորումներով:
Մասնավորապես, ծանոթանալով գործին, ընդունարանի աշխատակիցները պարզաբանեցին քաղաքացուն, որ պարտատերը որևէ իրավունք չունի նախ՝ պահանջելու անձնագրերը, և այնուհետև՝ չվերադարձնելու դրանք: Ընդունարանի աշխատակիցները վերոնշյալ հարցը պարզաբանելու համար ընդունարան հրավիրեցին նաև պարտատիրոջը: Վերջինիս հետ երկար ժամանակ բանակցելուց հետո, պարտատերը գիտակցելով իր արարքի քրեորեն պատժելի բնույթը, ընդունեց իր սխալը և ետ վերադարձրեց Մ.Ստեփանյանի և իր որդիների անձնագրերը:
Ստանալով անձնագրերը` Մ.Ստեփանյանն իր խորին երախտագիտությունը հայտնեց Արարատի ընդունարանին` իր իրավունքները և շահերը պաշտպանելու համար և համոզմունք հայտնեց, որ ոչ մի անօրինական արարք Արարատի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության Արարատի ընդունարանի կողմից չի անտեսվի: