Արամ Գասպարյանի պատշաճ վարքագիծը երաշխավորում ենք․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․

«14.07.2021 թվագրությամբ հրապարակումով մենք անդրադարձել էինք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեպարտամենտի ղեկավար, ՀՀ ԱԱԾ «Ալֆա» ստորաբաժանման ստեղծման ակունքներում կանգնած փոխգնդապետ Արամ Գասպարյանի կալանավորմանը։

Անցել է ավելի քան մեկ տարի, սակայն մարտական ուղի անցած սպան շարունակում է կալանավորված մնալ, ինչն ակնհայտորեն ունի նրա նկատմամբ ճնշում գործադրելու միտում` անգամ հաշվի չառնելով վիրահատված լինելն ու դրա հետևանքով առողջական խնդրահարույց վիճակը:

Ճանաչելով Արամ Գասպարյանի անձը, կամային բնավորությունը` վստահաբար կարող ենք փաստել, որ անհնար է նման մեթոդներով ազդել նրա վրա: Համոզված ենք, որ չկան նրան կալանքի տակ պահելու բավարար իրավական հիմքեր, ինչի վկայությունն է նաև, որ ձերբակալվելուց հետո ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից Արամ Գասպարյանի նկատմամբ գրավ է կիրառվել, որից հետո սակայն կրկին կալանավորվել է վերաքննիչ դատարանի կողմից:

Մենք չենք անդրադառնա այն դատավորներին, ովքեր կայացրել են Արամ Գասպարյանի վերաբերյալ կալանավորման որոշումները, սակայն գործի վարույթին կոնկրետ այդ դատավորների ներգրավվածությունն արդեն իսկ վկայում է, որ առնվազն թույլ ու խնդրահարույց են նրան կալանքի տակ պահելու հիմքերը, առաջադրված մեղադրանքը:

Այս իրավիճակում Արամ Գասպարյանի հայտնվելը բոլոր սպաներիս ևս մեկ անգամ պետք է հուշի, որ անհրաժեշտ է լինել միասնական, պաշտպանել յուրաքանչյուրիս իրավունքներն ու համընդհանուր շահը:

Գտնում ենք, որ Արամ Գասպարյանը պետք է անհապաղ ազատվի կալանքից, վարույթի ընթացքում նրա պատշաճ վարքագիծը կարող է երաշխավորվել ԱԱԾ պահեստազորի սպաների միության բարձրաստիճան սպաների կողմից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել