Վեդի համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է Վեդի համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքի անցում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը:

Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարը, պաշտոնավարման ընթացքում՝ 1999-2021թթ. ընկած ժամանակահատվածում, անցել է պաշտոնեական լիազորությունները՝ էական վնաս պատճառելով անձանց իրավունքներին, ինչպես նաև՝ հասարակության և պետության օրինական շահերին: 

Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների սահմաններից, բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողամասերի գործառնական նշանակությունը փոխել է բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի, տրամադրել շինարարության թույտվություններ և ճարտարապետահատակագծային առաջադրանքներ, և առանց քաղաքաշինության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում ընդգրկված ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի մի շարք հասցեներում գտնվող հողամասերը կառուցապատման իրավունքով տրամադրել է նույն համայնքի բնակչին, ով չթույլատրվող տարածքներում կառուցել է առևտրի սրահներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել