Ադրբեջանական վերջին ագրեսիայի հիմքում Հայաստանի իշխանությանը իջեցված 2 պահանջ է, որի չկատարման դեպքում սպառնում է ուժի կիրառմամբ․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանական վերջին ագրեսիայի հիմքում Հայաստանի իշխանությանը իջեցված 2 պահանջ է, որի չկատարման դեպքում Ադրբեջանը սպառնում է ուժի կիրառմամբ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Առաջինը, Արցախի տարածքում ՀՀ զինված ուժերի ներկայությանն է վերաբերվում, որի հետ կապված օրեր առաջ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ Անվտանգության քարտուղարը։

44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ից Արցախ զորակոչը դադարեցվել է, իսկ մինչ այդ իրականացվածի արդյունքում Արցախում պարտադիր ժամկետային ծառայողների վերջին զորակոչը կզորացրվի մինչև օգոստոսի վերջ։

Սեպտեմբերի դրությամբ Արցախում ՀՀ գրանցում ունեցող զինծառայող չի լինի և ըստ էության, ադրբեջանական պահանջն ակտուալությունը կկորցնի։

Երկրորդ խնդիրը, որն Ադրբեջանում առաջնային օրակարգ են համարում՝ ՀՀ-ի տարածքով, դեպի Նախիջևան միջանցք ստանալն է։
Պատահական չէ Ադրբեջանի նախագահի հոխորտանքներն այն մասին, որ եթե ՀՀ իշխանությունն այդ պահանջը չկատարի, ապա իրենք կվերանայեն իրենց մոտեցումները ՀՀ-ն Արցախին կապող միջանցքի վերաբերյալ։

Առաջ գնալով Ալիևը հայտարարում է, որ Լաչինի միջանցքը, ՀՀ-ով նախատեսված միջանցքի հետ պետք է ունենա նույն ռեժիմը։
Պարզ ասած, եթե ՀՀ-ն միջանցք չի տրամադրում, այլ ուղղակի ճանապարհ տրամադրում՝ հայկական անցակետով, ապա Ադրբեջանն էլ սպառնում է անցակետ տեղակայել Լաչինի միջանցքում։

Ադրբեջանական վերջին ագրեսիան Արցախի ուղղությամբ պետք է դիտարկել այս պահանջների տրամաբանության ներքո»,-մանրամասնել է նա։

—————

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:

Ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։ Նշվում է, որ վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել