Նյութից պարզ է դառնում, որ գործ ունենք մոլագար վիժվածքների հետ․ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքում օտարերկրացիների մասնակցությամբ 18+ տեսանյութի նկարահանման դեպքին է անդրադարձել թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը․ որում ասվում է․

«Քանի որ անընդհատ ստանում եմ տարբեր լրատվամիջոցներից ու անձանցից զանգեր, հարկ եմ համարում անել կարճ անդրադարձ․

Ինքս երեկ եմ տեղեկացել Էրեբունի ամրոցում նկարահանվածի մասին։ Ինձ ճանաչողները, կարծում եմ կհասկանան, թե հիմա ինչ հոգեվիճակում եմ գտնվում։

Այնուամենայնիվ, մինչև համապատասխան իրավապահ մարմինների կողմից չլինի մանրամասն քննություն, ես չեմ կարող ամբողջական գնահատական տալ տեղի ունեցածին։

Էրեբունի ամրոցի և թանգարանի պահպանությունն իրականացվում է ՀՀ Ոստիկանության պետական պահպանության վարչության Էրեբունու բաժնի կողմից։ Կարող եմ ասել, որ նկարել են ոչ շուտ, քան հունիսի 24-ը, քանի որ այս օրվանից մենք սկսել էինք Էրեբունի հնավայրում իրականացվող պեղումները, իսկ այդ նյութի մեջ պեղումների արդյունքում հանված հող չկա։

Ակնհայտ է, որ ամրոց այցելել են նախապես ծրագրված և ոչ երկու հոգով։ Էրեբունի ամրոցը զբաղեցնում է ահռելի տարածք և մեկ ոստիկանը չի կարող վերահսկել ամբողջ տարածքը։ Մենք դիմել ենք Երևանի քաղաքապետարան՝ ՀՀ Ոստիկանություն դիմելու և ծառայողական քննություն սկսելու, իսկ այսպես կոչված մասնակիցներին բացահայտելու և օրենքի խստությամբ պատժելու համար։ Հասկանում եմ, որ շատերի համար, սա հրաշալի առիթ է լինելու ցեխ շպրտելու, պախարակելու և հայրենասեր դառնալու ու կայանլու համար։ Միայն ասեմ, որ վերջին ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի և «Էրեբունի» ՊՀԱԹ-ի ջանքերով փոխվեց ամրոցի երկայնքով տարածվող լուսավորության համակարգը, անցկացվեց ջրաոռոգման համակարգ, վերանորոգվեց ոստիկանական պահակակետը, ստեղծվեց սանհանգույց, ունեցանք դեպի ամրոց տանող նոր ասֆալտապատ ճանապարհ և այս ցուցակը կարելի է էլի շարունակել։

Նյութից պարզ է դառնում, որ գործ ունենք մոլագար վիժվածքների հետ, ովքեր ինչպես տեղեկացա Երևանի այլ վայրում ևս նման նյութ են նկարել։ Դեռևս պետք է պարզել՝ ամրոցում նկարահանումը եղել է աշխատանքային ժամին, թե ոչ և կամ ամրոց են մտել մուտքից, թե գործածել են այլ ճանապարհ։

Երեկ ինձ նաև այսպես ասած լավություն անելու համար հեռախոսազանգով ասել են, որ տեսանյութը կարող է հրապարակվել և քննարկվել և այնուհետև նշել են, որ այդ ուժին ներկայացվել է, որ ես հականիկոլական եմ, իրենց ուժի անդամ և պետք է գնամ իրենց ապագա համագումարին, իսկ հետո ասվել,-չէ հիմա պետք չի համագումարին գաս, բայց հետո դու քո քայլը կանես նրա դիմաց, որ տեսանյութի մասին չխոսվի։ Ինքս մերժել եմ և նշել, որ կարող են հենց այդ պահին էլ թմբկահարել նյութը։ Ես ոչ հականիկոլական եմ, ոչ կուսակցական, ոչ ընդդիմադիր և ոչ էլ դիմադիր։ Ես իմ քրտինքով փորձում եմ իրականացնել իմ աշխատանքը։ Հիմա մանրամասներ չնշեմ, սակայն քննության ժամանակ ես մանարամասն կխոսեմ կատարվածի մասին։

Անկախ այն հանգամանքից, որ Էրեբունի ամրոցի և թանգարանի պահպանությունը իրականացվում է ՀՀ Ոստիկանության վերը նշված ծառայության կողմից և կարելի կլիներ մեղքը հանգիստ բարդել նրանց վրա, նշեմ, որ այս ամենի առաջին պատասխանատուն ես եմ և եթե վերադաս մարմինը կգտնի, որ ես պետք է հրաժարական տամ իմ զբաղեցրած պաշտոնից , ապա ես անվերապահորեն կկատարեմ դա․․․

ՈՒզում եմ խորին շնորհակալությունս հայտնել բոլոր այն մարդկանց և ընկերներիս, ովքեր այս պահին հայտնել և հայտնում են իրենց զորակցությունը։ Հավատացեք, հիմա ես ձեր բոլորի կարիքը շատ ունեմ։

Ինչպես նշել էի Հատիսի արձանի վերաբերյալ իմ գրառման վերնագրում, որից հետո կարծես թե դրվել էր այս նյութը, բայց նկարահանվել էր ավելի վաղ, «Ապավինելով Տեր Հիսուս Քրիստուսի զորությանը»․․․»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել