Ֆինանսական բուրգը խարդախ սխեմա է, որն ստեղծում է գերշահույթ ստանալու պատրանք: Մարդկանց առաջարկում են գումար ներդնել աներևակայելի բարձր տոկոսադրույքներով, խոստանում «երաշխավորված» եկամուտ:
Ֆինանսական բուրգերի մասին մի շարք մանրամասներ Iravaban.net-ը տեղեկանում է Abcfinance.am-ից, որը ստեղծվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
Անձն իր ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով սոցիալական ցանցերում առաջարկներ էր փնտրում: Սոցիալական ցանցերից մեկում նա հերթական անգամ տեսնում է գովազդ, որ արդեն մի քանի անգամ հայտնվել էր իր էջում: Այս անգամ նա որոշում է դիտել գովազդը, քանի որ այնտեղ էր իր սիրելի դերասանը։
Վերջինս գրավիչ բառերով ներկայացնում էր մի նոր հավելված, որի միջոցով հեշտ և արագ կարելի է փող աշխատել։ Կարենը, վստահելով առաջարկին, ներբեռնում է հավելվածը, գրանցվում համակարգում և հետևում բոլոր ցուցումներին։ Նա նույնիսկ հրավիրում է իր ընկերներին և գեղեցիկ մի օր՝ վուալյա՜… չկա ոչ իր գումարը, ոչ էլ խոստացված գերշահույթը. ավելին, չկա նույնիսկ այն կազմակերպությունը, որին գովազդում էր իր սիրելի դերասանը: Սա դասական ֆինանսական բուրգ է, այո’ այո. բուրգերը չեն լինում միայն եգիպտական:
Ֆինանսական բուրգի կազմակերպիչները մարդկանց խոսք են տալիս շատ արագ և հեշտ եղանակով ստանալ բարձր եկամուտներ: Շատ դեպքերում, եթե դուք հրավիրեք ձեր ընկերներին, և նրանք միանան այդ համակարգին, դուք «կստանաք» ավելի շատ գումարներ և «օգուտներ» (քեշբեք, բոնուսներ, զեղչեր և այլն): Մեր օրերում բրգաձև սխեմաները կարող են քողարկվել տարբեր եղանակներով, որոնցից ամենատարածվածը քեշբեք համակարգի անվան տակ հանդես գալն է: Յուրաքանչյուրը, ով օգտվում է այդ համակարգից, բացի քեշբեքներ ստանալուց, իրականացնում է նաև ներդրումներ՝ բարձր տոկոսներ ստանալու ակնկալիքով: Խոստացված «եկամուտը» անձը տեսնում է իր հեռախոսում առկա ծրագրի էկրանին: Սակայն արդյո՞ք այն իրական է և ու՞մ է պատկանում…
Ինչպես են գայթակղում
- Գրավիչ առաջարկներ սոցիալական ցանցերում, հեռուստատեսությամբ, ռադիոյով,
- Տարբեր ֆեյք և իրական մեկնաբանություններ,
- Ագրեսիվ գովազդային արշավներ՝ հայտնի մարդկանց մասնակցությամբ,
- Գովազդային վահանակներ բանուկ փողոցներում,
- Անվճար սեմինարների կազմակերպում և հյուրասիրություններ,
- Վեբ-կայքի և բջջային հավելվածի առկայություն:
Ինչ անել թակարդը չընկնելու համար
- Ոչ մի պարագայում մի միացեք նմանատիպ սխեմաներին,
- Օգտվեք միայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված և վերահսկվող ֆինանսական կազմակերպությունների կողմից մատուցվող ֆինանսական ծառայություններից:
Ինչ անել, եթե արդեն թակարդն ես ընկել
- Դիմել իրավապահ մարմիններին։
- Բարձրաձայնել այս մասին բոլոր հնարավոր եղանակներով, որպեսզի մյուսները ևս տեղեկանան խարդախների մասին։