Գրավոր ապացույցներ են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկություններ պարունակող իրավական ակտերը, տեղեկանքները, գործարար և մասնավոր թղթակցությունը և այլ գրավոր նյութեր (փաստաթղթեր): Գրավոր ապացույցներ են համարվում նաև էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով ստացված նյութերը, եթե առկա է հաղորդակցության իսկությունն ապացուցելու հնարավորություն:
Փաստաբան Արփինե Եղիկյանը Իրավաբան.net-ին տեղեկացնում է, որ. «Գրավոր փաստաթղթի իսկության վերաբերյալ վեճ լինելու դեպքում ապացույց ներկայացնողը պետք է ապացուցի դրա իսկական լինելը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետական մարմինների կողմից տրված կամ վավերացված փաստաթղթի, ինչպես նաև վիճող կողմերի միջև ստորագրված երկկողմ փաստաթղթերի: Վերջիններիս իսկության վերաբերյալ վեճ լինելու դեպքում իսկությունը վիճարկող կողմը պետք է ապացուցի դրա ոչ իսկական լինելը»:
Գրավոր փաստաթղթի իսկության ապացուցման բեռը կրող կողմն իրավունք ունի միջնորդելու հանել այդ ապացույցն ապացույցների շարքից, եթե վիճարկող կողմը դրան չի առարկում:
Փաստաթղթի իսկությունը կարող է ստուգվել նաև դատարանի նախաձեռնությամբ:
Փաստաթղթի իսկությունը ստուգելիս դատարանը կարող է կարգադրել անձին, որի ձեռագրի իսկությունը պետք է հաստատվի ապացույցով, դատարանի կամ փորձագետի ներկայությամբ գրել որոշակի տեքստ:
Եթե դատարանը եկավ այն համոզման, որ փաստաթուղթը իսկական չէ, ապա այն հանում է ապացույցների շարքից: