«Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի հավելվածներում ընդգրկված վայրի կենդանիների, դրանց մասերի և ածանցյալների արտահանումն ու ներմուծումն իրականացվում են կոնվենցիայով սահմանված պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Վայրի կենդանիների արտահանումը, ներմուծումն ու դրանց պահումն անազատ պայմաններում կամ վերաբնակեցումն ազատ պայմաններում իրականացվում են լիազորված մարմնի թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառությամբ գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով օգտագործման տրամադրված վայրի կենդանիների արտահանման: Գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով օգտագործման տրամադրված վայրի կենդանիների արտահանման համար հիմք է դառնում լիազորված մարմնի հետ վայրի կենդանիների օգտագործման նպատակով կնքված պայմանագիրը` դրանում նշված տեսակներին և քանակներին համապատասխան:
Կենդանաբանական հավաքածուների կամ առանձին նմուշների արտահանումը և ներմուծումն իրականացվում են լիազորված մարմնի թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: