Բոլոր քաղաքակիրթ երկրներում լայնորեն տարածված է ապահովագրության ինստիտուտը: Ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրով:
Հայաստանի Հանրապետությունում կարող է իրականացվել կամավոր և պարտադիր ապահովագրություն:
Կամավոր ապահովագրությունն ապահովադրի կամավոր ցանկությամբ ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքելու միջոցով իրականացվող ապահովագրությունն է:
Անկախ ապահովագրության պարտադիր կամ կամավոր լինելուց, հետագա հնարավոր խնդիրներից խուսափելու համար ապահովագրության պայմանագիր կնքելիս պետք է իմանալ հետևյալ հասկացությունների բովանդակությունը.
- Ապահովադիր՝ ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքած անձն է:
- Ապահովագրված անձ՝ այն անձն է, որի հետ կապված ապահովագրական պատահարի առաջացումը հանդիսանում է ապահովագրության պայմանագրի առարկա:
- Շահառուն ապահովագրական պատահար տեղի ունենալու պարագայում ապահովագրական պայմանագրով նախատեսված ապահովագրական հատուցումն ստանալու իրավունք ունեցող անձն է:
- Ապահովագրության օբյեկտ՝ ապահովագրման ենթակա գույքային և անձնական շահերն են:
- Ապահովագրական ռիսկը առաջանալու որոշակի հավանականությամբ և պատահականությամբ ապահովագրական պատահարի տեղի ունենալու հետևանքով առաջացող վնասի հնարավոր մեծությունն է:
- Ապահովագրական հատուցում՝ ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովագրողի կողմից ապահովագրական պայմանագրի հիման վրա ապահովադրին կամ շահառուին վճարման ենթակա գումարն է` դրամական արտահայտությամբ կամ համարժեք գույքով:
- Ապահովագրական գումար՝ ապահովագրողի կողմից վճարման ենթակա հնարավոր ապահովագրական հատուցման առավելագույն չափն է:
- Ապահովագրավճարը ապահովագրության պայմանագրով սահմանված չափով և պայմաններով ապահովադրի կողմից ապահովագրողին հնարավոր ապահովագրական հատուցման դիմաց վճարվելիք գումարն է:
- Ապահովագրական պատահարն ապահովագրական պայմանագրով նախատեսված դեպքն է կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու ուժով ապահովագրողը պարտավորվում է ապահովադրին կամ շահառուին վճարել ապահովագրական հատուցում:
- Ապահովագրական սակագինը սահմանված ապահովագրական գումարի նկատմամբ ապահովագրավճարի դրույքաչափն է:
- Չհատուցվող գումարը ոչ կյանքի ապահովագրության դեպքում ապահովադրի մասնակցության չափն է վնասի հատուցմանը, որը սահմանվում է ապահովագրության պայմանագրով՝ կոնկրետ գումարի կամ ապահովագրական գումարի նկատմամբ տոկոսի տեսքով: Չհատուցվող գումարի տեսակներն են`
1) պայմանական չհատուցվող գումար, որի դեպքում ապահովագրողն ազատվում է փաստացի վնասների կամ կորուստների հատուցման պարտականությունից, եթե այդ վնասը չի գերազանցում ապահովագրական պայմանագրով նախատեսված չհատուցվող գումարի չափը, և պարտավոր է վճարել հատուցումն ամբողջությամբ, եթե դրա մեծությունը գերազանցում է չհատուցվող գումարի չափը.
2) ոչ պայմանական չհատուցվող գումար, որի դեպքում ապահովագրողն ազատվում է որոշակի մասով հատուցում իրականացնելուց` անկախ վնասի կամ կորստի ընդհանուր չափից: