Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողությունը սանիտարականխարգելիչ հիմնարկների և մարմինների գործունեությունն է հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ` Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության խախտումների հայտնաբերման, կանխարգելման միջոցով:
Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողությունը ներառում է`
- բնակչության առողջական վիճակի զննությունը, կանխատեսումը և գնահատումը` ըստ շրջակա միջավայրի վիճակի.
- վարակիչ, զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների առաջացման, ինչպես նաև տարածման պատճառների ու պայմանների հայտնաբերումը.
- բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ առաջարկությունների մշակումը.
- հսկողությունը ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, քաղաքացիների կողմից սանիտարական կանոնների, հիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման նկատմամբ.
- Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության խախտման դեպքում պաշտոնատար անձանց և քաղաքացիների նկատմամբ համապատասխան միջոցների կիրառումը.
- վարակիչ, պրոֆեսիոնալ, զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների պետական վիճակագրական հաշվառումը:
Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության իրականացումը դրվում է Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության վրա: