Մեր օրերում մարդիկ ավելի հաճախ են մեկնում օտար երկրներ՝ գործուղման, աշխատելու, ճանաչողական կամ այլ նպատակներով։ Օտար քաղաքում ամենահարմարը հյուրանոցում ժամանակավորապես բնակվելն է, ուստի հյուրանոցում պատշաճ վարվեցողության կանոնների իմացությունը անհրաժեշտ է բոլորին: Այլ քաղաք մեկնելուց առաջ նախապես պետք է հոգալ հյուրանոցում համար պատվիրելու մասին: Հարկավոր է զանգահարել ադմինիստրատորին և համար պատվիրել՝ նշելով ժամանման և հյուրանոցում օթևանելու ժամկետը: Շատ հաճախ նման հարցերի կարգավորման համար մենք դիմում են զանազան տուրիստական կազմակերպությունների, ովքեր իրենք են զբաղվում նման հարցերի կարգավորմամբ:
Հյուրանոց գալով՝ հարկավոր է դիմել ադմինիստրատորին և կատարել փաստաթղթային անհրաժեշտ ձևակերպումներրը: Համարի բանալին չի կարելի տան բանալու նման վերցնել հետը. հյուրանոցից դուրս գալիս այն պետք է հանձնել ադմինիստրատորին կամ հարկի հերթապահին:
Հյուրանոցում վարքի կանոնները նույնն են, ինչպես այլ հասարակական վայրերում, որտեղ հարկ է լինում շփվել անծանոթ մարդկանց հետ: Եթե ծառայող անձնակազմի հետ որևէ խնդիր է ծագում, այն պետք է լուծել սիրալիր և քաղաքավարի տոնով:
Հյուրանոցում յուրաքանչյուր կենվոր պատասխանատու է իր համարի ողջ գույքի համար, այդ պատճառով պետք է ուշադիր լինել կահույքի, տեխնիկայի և կենցաղային իրերի նկատմամբ: Որոշ հյուրանոցներում չի թույլատրվում գիշերվա ժամերին հյուրեր ընդունել. այդպիսի հյուրանոցներում օթևանելիս հարկ է հյուրերին ճանապարհել մինչև կեսգիշերը: Հյուրանոցում բնակվելու ընթացքում միջքաղաքային հեռախոսազանգեր կատարելու դեպքում, անպայման պետք է վճարել դրանց համար:
Համարում չի կարելի չափազանց բարձր երաժշտություն միացնել, բարձրաձայն խոսել կամ վիճաբանել՝ խանգարելով հարևաններին:
Հյուրանոցից հեռանալիս բարեկիրթ մարդը պարտավոր է հրաժեշտ տալ հերթապահներին և ադմինիստրատորին: