Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի ընտանիքի հետևյալ անդամներին.
1) 18 տարին չլրացած երեխային.
2) 18 տարին չլրացած եղբորը, քրոջը և թոռանը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում.
3) 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակին, եթե նրա հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է, նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում.
4) կերակրողի մահվան օրվա դրությամբ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված ծնողներին, ամուսնուն, եթե չեն աշխատում.
5) ամուսնուն կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում.
5.1) ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող` երկու ծնողին կամ միակ ծնողին կորցրած երեխայի խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում.
Կերակրողին կորցնելու զինվորական կենսաթոշակ նշանակվում է զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի` վերը նշված անդամներին՝ անկախ զինծառայողի զոհվելու (մահանալու) պատճառից, անցած ժամանակաշրջանից և ծառայության տևողությունից: Կերակրողին կորցնելու զինվորական կենսաթոշակ նշանակվում է նաև.
1) զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված և, անկախ ժամանակաշրջանից, մահացած այն զինծառայողի ընտանիքի անդամների վրա, որի մահվան պատճառը զինծառայության ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ ծագած հիվանդությունը.
2) ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաև մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամների վրա:
Հարց 13. Ովքե՞ր ունեն ծերության նպաստի իրավունք:
Ծերության նպաստի իրավունք ունի կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձը՝ 65 տարին լրանալու դեպքում: