Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում 300 հազար ՀՀ դրամը գերազանցող օրենքով սահմանված գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով։
Այս փոփոխության վերաբերյալ մի շարք հարցեր են առաջացել քաղաքացիների մոտ։
Iravaban.net-ը Կենտրոնական բանկից որոշ պարզաբանումներ է տեղեկացել։
Այսպիսով՝ ըստ Օրենքի՝ անկանխիկ է համարվում նաև կանխիկ եղանակով նախաձեռնած վճարումը, որն ուղղված է տնտեսվարողի բանկային հաշվին: Այսպիսով, տնտեսվարողների բանկային հաշվեհամարին վճարային տերմինալներով փոխանցումը համարվում է անկանխիկ գործարք, քանի դեռ օրենսդրությամբ և/կամ այլ իրավական ակտերով այլ կարգավորումներ չեն նախատեսվել:
Ինչո՞ւ չվճարել կանխիկ, որը «ծախսեր չի պահանջում», այլ վճարել անկանխիկ, որը «հավելյալ ծախս է ենթադրում»:
Իրականում կանխիկ փողը նույնպես գին ունի, օրինակ՝ տպելու, պահպանելու, փոխադրելու համար ծախս է պահանջվում: Պարզապես այդ գումարները «տեսանելի» չեն սպառողների համար, քանի որ ֆինանսական կառույցները, տնտեսվարողներն այդ ծախսը ներառում են մատուցվող ծառայությունների արժեքի մեջ: Կենտրոնական բանկն իր հերթին զգալի ծախսեր է իրականացնում կանխիկի պահպանման և թարմացման համար:
Այս առումով ևս ենթադրվում է, որ կանխիկի օգտագործման ծախսերի նվազմանը զուգընթաց պայմաններ են ստեղծվում նաև անկանխիկ գործառնությունների միջնորդավճարների նվազման ուղղությամբ: Կենտրոնական բանկը պարբերաբար մոնիթորինգի է ենթարկելու շուկայական գները՝ դրանց մակարդակի հիմնավորվածությունը գնահատելու նպատակով: