Մոպեդները պետք է հաշվառել և վարել համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական ունենալու դեպքում. ոստիկանություն

Կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի որոշման համաձայն՝ սահմանվել է պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, որոնք ենթակա են պետական գրանցման։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Այդ ցանկում ներառված են նաև մոպեդները։ Մոպեդ է համարվում 50 սմ խորանարդ աշխատանքային ծավալը չգերազանցող ներքին այրման շարժիչ ունեցող կամ երկարատև ծանրաբեռնվածության ռեժիմում 0,25 կվ-ից ավելի և 4 կվ-ից պակաս առավելագույն հզորությամբ էլեկտրական շարժիչ ունեցող երկանիվ կամ եռանիվ մեխանիկական տրանսպորտային միջոցը, որի առավելագույն արագությունը չի գերազանցում 50 կիլոմետր ժամը։

Մոպեդին է հավասարեցվում նաև համարժեք տեխնիկական բնութագիր ունեցող կվադրոցիկլը։ Մոպեդ վարելու համար անհրաժեշտ է համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական, որը տրվում է 16 տարին լրացած անձին։ Տեղեկացնում ենք, որ պարեկներն ու ճանապարհային ոստիկաններն այսուհետ առանձնահատուկ ուշադրություն են դարձնելու վերը նշված խնդիրներին, և օրինազանցները ենթարկվելու են վարչաիրավական ներգործության։

Հորդորում ենք մոպեդ ունեցող անձանց օր առաջ այն հաշվառել ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներից որևէ մեկում, ինչպես նաև մոպեդը վարել բացառապես համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական ունենալու դեպքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել