Դատախազությունը զգուշացնում է զերծ մնալ պետական դավաճանության հանգեցնող կամա թե ակամա գործողություններից. քրեաիրավական հետևանքները լինելու են կոշտ

ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի աղետալի հետևանքներին այս կամ այն չափով հանգեցնելուն վերաբերող, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում ՀՀ և ԱրՀ պաշտպանունակության դեմ պետական դավաճանության դեպքերով իրականացվող քննության ընթացիկ վիճակը: 

Պետական դավաճանության վերաբերյալ քննված և քննվող քրեական գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ բոլոր դեպքերում ՀՀ քաղաքացիները հայտնվել են ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների ուշադրության կենտրոնում, նյութական օգուտների դիմաց ընդունել են հատուկ ծառայությունների աշխատակիցների առաջարկը՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության ու արտաքին անվտանգության, հանցավոր գործունեություն իրականացնելու, զինված ուժերի, սպառազինությունների, զինտեխնիկայի տեղակայումների, դրանց տեսակների մասին պետական գաղտնիք կազմող և այլ բնույթի տեղեկություններ ձեռք բերելու կամ արդեն իսկ իրենց հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ: 

Արդյունքում, պատերազմի ընթացքում հակառակորդը  կարողացել է հայկական ԶՈՒ-երի ռեսուրսների ճշգրիտ հաշվարկներ կատարել, հստակեցնել հայկական ԶՈՒ-երի առանձին ուժերի և միջոցների քանակը, հնարավորություն է ստացել հստակեցնել զբաղեցրած դիրքերը, առանձին զորամասերի կողմից իրականացվելիք խնդիրների հնարավոր ծավալներն ու հավանական բնույթը, ինչպես նաև նպատակային խոցումներով հարվածներ հասցնել հայկական ԶՈւ մարտական խնդիրներ լուծող զինտեխնիկային, մարդկային կոնտիգենտին և պատճառել զգալի կորուստներ:  

Ուսումնասիրությունը վկայում է, որ օտարեկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից գործադրվել է ՀՀ քաղաքացիների հավաքագրման հիմնականում երկու եղանակ: Նախնական շրջանում առավելապես կիրառվել է հիմնականում Թուրքիայի Հանրապետությունում, ինչպես նաև որևէ այլ, երրորդ երկրում գտնվող ՀՀ քաղաքացիների հավաքագրման մեթոդը:

Ավելի ուշ օտարեկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները ՀՀ քաղաքացիներին սկսել են հավաքագրել համացանցային հաղորդակցային միջոցների օգտագործմամբ: Մասնավորապես, օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները սոցիալական տարբեր ցանցերում՝ հիմնականում «Ֆեյսբուք», «Տիկ Տոկ», «Օդնոկլասնիկի» սոցիալական հարթակներում, անհատական օգտահաշիվներ են բացել հայուհիների անհատական տվյալներով և թիրախավորել նույն սոցիալական կայքերում զինվորական համազգեստով կամ զինվորական ծառայության հետ կապն այլ կերպ հաստատող տեղեկություններ պարունակող օգտահաշիվների անվանատերերին:

Ապա վերջիններիս հետ կապ են հաստատել օգտահաշիվներին համակցված «Մեսենջեռ», «Վոթսապ» հավելվածների միջոցով և որոշակի ժամանակ անձնական բնույթի շփումներից հետո վերջիններիս տեղեկացրել են իրենց՝ հատուկ ծառայության աշխատակից հանդիսանալու մասին և առաջարկել վարձատրության դիմաց հավաքագրել և իրենց փոխանցել ՀՀ զինված ուժերի և ստրատեգիական նշանակություն ունեցող այլ կառույցների վերաբերյալ պետական, ծառայողական կամ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող այլ տեղեկություններ: 

Որոշ դեպքերում զինծառայողները, տեղեկացված չլինելով իրենց համացանցային հաղորդակցի կարգավիճակի մասին, ինտիմ բնույթի հարցերի շուրջ ծավալած զրույցների արդյունքում վերջինին սիրաշահելու և իրենց շփումը շարունակական դարձնելու նպատակով, նրան փոխանցել են ծառայության բերմամբ իրենց հայտնի դարձած պետական, ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ:

Հավաքագրված ՀՀ քաղաքացիների հետ շփումները համացանցային տիրույթից բացի երբեմն տեղափոխվել են իրական կյանք: Առկա փաստական տվյալների համաձայն, օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների և հավաքագրված ՀՀ քաղաքացիների միջև հանդիպումները կազմակերպվել են հիմնականում Թուրքիայի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի Հանրապետություններում: 

ՀՀ գլխավոր դատախազությունը հարկ է համարում զգուշացնել՝ զերծ մնալ ինչպես իրավական, այնպես էլ բարոյական տեսանկյունից բացարձակապես անընդունելի նման արարքներից, իսկ անծանոթ անձանց հետ հաղորդակցային կապի մեջ մտնելու պարագայում նրանցից նմանատիպ տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ առաջարկներ ստանալու պարագայում անհապաղ այդ մասին տեղեկացնել իրավապահ մարմիններին: 

Միաժամանակ զինծառայողներին զգուշացնում ենք զերծ մնալ հատկապես   զորամասերում, առավելևս մարտական դիրքերում տեղադիրքի որոշման հնարավորություն տվող լուսանկարներ կատարելուց, զորամասերում կամ մարտական դիրքերում զինտեխնիկայի կամ զինամթերքի համալրում ստանալու պարագայում դրանց հետ լուսանկարվելուց և սոցիալական ցանցերում տեղադրելուց, դրանց մասին գրառումներ կատարելուց: Բացի այն, որ դրանք հակառակորդին համապատասխան վերլուծություններ կատարելու հնարավորություն են տալիս, նաև թույլ են տալիս թիրախավորել կոնկրետ անձանց, վերջիններիս հետ հաստատել շփում, հավաքագրել նրանց և ստանալ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն:

Հանցագործությունների կատարումը հաստատվելու պարագայում դրանց հեղինակներին համարժեք քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում դատախազությունը դրսևորելու է առանձնահատուկ կոշտ և սկզբունքային մոտեցում:

Վերոնշյալ հանցագործություններին նպաստող մի շարք պայմանների ու պատճառների վերացման հարցով ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր է հղել ՀՀ պաշտպանության նախարարին: 

2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում կատարված պետական դավաճանության դեպքերով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ներկա պահին քննվում է 10 քրեական գործ, որպես մեղադրյալ է ներգրավված 43 անձ, որոնցից 10-ը գտնվում է կալանքի տակ:

Նույն ժամանակահատվածին վերաբերող պետական դավաճանության դեպքերով հարուցված 3 քրեական գործ 12 անձանց վերաբերյալ ուղարկվել է դատարան, որոնցից 11-ը գտնվում է կալանքի տակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել