Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հունիսի 28-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի Ա.Չեխովի անվան հ.55 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի (հ.11 արձանագրություն) որոշումը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի եզրակացությունը (21.06.2022թ.) ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 2022 թվականի h.Դ-38740-22 զեկուցագիրը`
1. «Երևանի Ա.Չեխովի անվան հ.55 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Դիանա Սիմոնի Մինասյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով՝ 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը՝ ազատելով նրան նույն կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումից»։
—————————————
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը ապրիլի 1-ին հանդես էր եկել պարզաբանմամբ՝ կապված «Երևանի Ա. Չեխովի անվան հ.55 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում առկա իրավիճակի վերաբերյալ։ Պարզաբանման մեջ ասվում էր.
«Երևանի Ա. Չեխովի անվան հ.55 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար առաջին մրցույթը կայացել է 18.10.2021թ., որի արդյունքում հաղթող չի ճանաչվել, և գործող տնօրեն Գայանե Սարուխանյանը շարունակել է պաշտոնավարել մինչև աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի ավարտը:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի հ.319-Ն որոշմամբ հաստատված կարգի 2.1 կետով, որի համաձայն՝ լիազոր մարմինը հաստատության տնօրենի պաշտոնակատար է նշանակում տվյալ հաստատության խորհրդի անդամ չհանդիսացող տնօրենի տեղակալներից մեկին կամ բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձի, կամ բարձրագույն կրթություն և մանկավարժական, գիտական կամ կրթության կառավարման ոլորտի՝ վերջին յոթ տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձի, որը տվյալ հաստատության խորհրդի անդամ չէ, Երևանի քաղաքապետի 16.12.2021թ. հ.4474-Ա որոշմամբ դպրոցի տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ Տաթևիկ Մելքոնյանի վրա, մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը:
Տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հաջորդ մրցույթը կայացել է 10.03.2022թ.-ին, որի արդյունքում կրկին հաղթող չի ճանաչվել:
Հաշվի առնելով վերոգրյալը և Կարգի նշյալ կետով Երևանի քաղաքապետին վերապահված իրավասությունը՝ Դիանա Մինասյանը նշանակվել է «Երևանի Ա. Չեխովի անվան հ.55 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար»:
Նշենք, որ դպրոցի ուսուցիչները, աշակերտները, մի շարք ծնողներ բողոքի ակցիային էին դուրս եկել։ Ավելի ուշ ուսուցիչներն ու ծնողները, որոնք քաղաքապետարանում հանդիպում էին ունեցել աշխատակազմի կրթության վարչությունում, դուրս գալուց հետո հայտարարել էին, որ քաղաքապետարանն անդրդվելի է՝ Չեխովի դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Դիանա Մինասյանը կշարունակի մնալ այդ պաշտոնում մինչեւ տնօրենի ընտրությունը, որը կայանալու է ապրիլի 14-ին: