Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է մի շարք հարցերի։
«Նման բարդ գործընթացներում շատ կարևոր է պայմանավորվածությունների իրականացումը։ Առաջին պայմանավորվածությունների մասով կարևոր է ժամանակին դրանք իրագործելը։ Կան բազմաթիվ տեխնիկական հարցեր, սահմանը պետք է հատելի դառնա 3-րդ երկրների քաղաքացիների համար։ Պետք է որոշվի հատման վայրը, ռեժիմը։ Երկու կողմերի ներկայացուցիչները սեղմ ժամկետներում պետք է սկսեն գործընթացը։
Գործընթացը կարող ենք գնահատել փաստերով։ Հայաստանը պատրաստ է եղել միանգամից, առանց որևէ քննարկման ունենալ բաց սահմաններ Թուրքիայի հետ։
Առաջին անգամ է, որ մենք ունենք կոնկրետ պայմանավորվածություն, եթե դա կատարվի, ապա դա կլինի քայլ սահմանները բացելուն։
Եթե Թուրքիան առաջարկում է հանդիպումներ անցկացնել Հայաստանում կամ Թուրքիայում, մեր տօավորությամբ դա նշանակում է, որ թուրքական կողմը սա տեսնում է, որպես երկկողմ գործընթաց։ Հայկական կողմը առաջարկել է և շարունակում է առաջարկել Թուրքիային՝ բացել սահմանը դիվանագիտական անձնագիր կրող քաղաքացիների համար։
Ընդդիմության պնդումները պետք է գոնե մի փոքր փաստարկված լինեն, բայց միևնույն է նրանք որոշել են, որ պետք է շարունակ նույն բանը կրկնեն։ Ինչո՞վ է փաստարկվում մեր կողմից ցեղասպանության ուրացումը։ Երբ 1920 թվականին Դաշնակցությունը դիմում էր Աթաթուրքին, զենք ստանալու համար, թրքացնու՞մ էր Հայաստանը, երբ Սերժ Սարգսյանը ֆուտբոլային դիվանագիտություն էր վարում, նա թրքացնու՞մ էր Հայաստանը»,-նշեց Ռուբինյանը։
Հիշեցնենք, որ Վիեննայում կողմերը նաև պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Բացի այդ, քննարկվել են այլ հնարավոր կոնկրետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։