Խստորեն դատապարտելի է Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) հայկական եկեղեցու ամբողջությամբ ավիրելու փաստը: Վերանորոգման քողի տակ նրանք եկեղեցին վերածում են ուղղափառ եկեղեցու՝ կեղծելու համար պատմությունը և վերացնելու հայկական հետքերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը;
«Խորհրդային տարիներին, ի թիվս շատ եկեղեցիների, Կանաչ Ժամը դադարել էր գործել, սակայն Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերակազմավորումից և Շուշիի ազատագրումից հետո այն վերսկսել էր գործունեությունը:
Պատմական տարբեր աղբյուրներում և արձանագրություններում եկեղեցու մասին արժանահավատ տեղեկություններ կան, որոնք անառարկելիորեն փաստում են նրա հայկական լինելու հանգամանքը:
Ես դեռ հույս ունեմ, որ ՅՈՒՆԵՍԿՈՆ և միջազգային մշակութապահպան այլ կազմակերպություններ խորությամբ կուսումնասիրեն հայկական մշակութային արժեքների ոչնչացման մասին առկա տեղեկությունները և գործուն միջոցներ ձեռք կառնեն` կանխարգելելու Ադրբեջանի կողմից շարունակվող մշակութային ցեղասպանությունը:
Նշեմ, որ այդ նույն եկեղեցում 2017 թվականին տեղի է ունեցել իմ պսակադրությունը»,-նշել է նա։