Կգործի էլեկտրոնային դեղատոմսի համակարգ․ լաբորատոր բոլոր հետազոտությունները կկուտակվեն մեկ վայրում՝ պացիենտի անձնական հաշվում

Հանրապետության բուժհաստատություններում գրանցամատյանների վարումն արդեն սկսել է իրականացվել բացառապես էլեկտրոնային եղանակով: Ինչպե՞ս է դա կատարվում, և ո՞րն է նման նորարարության  նպատակն ու նշանակությանը։ Այս հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել ՝ էլեկտրոնային առողջապահության «ԱՐՄԵԴ» համակարգը սպասարկող՝ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանի հետ։

Ի պատասխան լրագրողի այն հարցին, որ վերջերս խոսվում էր նաև էլեկտրոնային դեղատոմսերի անցնելու մասին: Ինչպե՞ս է դա արվելու և երբվանից կգործի, մասնագետը պատասխանել է․

«Մատյաններից բացի կա ևս երկու կարևոր բաղադրիչ, որոնցից մեկը  էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումն է, մյուսը՝ լաբորատորիների հետազոտությունների տվյալների մուտքագրումը «ԱՐՄԵԴ» համակարգ: Էլեկտրոնային դեղատոմսերի մասը պիլոտային եղանակով փորձարկվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ Փորձարկվել են տարբերակները ՝ պետպատվերով և վճարովի բուժվողների պարագայում: Այսինքն, իմաստն այն է, որ  բժիշկը դեղատոմս է գրում, որը  հասանելի է դառնում դեղատան համար։ Եվ պացիենտը կարող  է մոտենալ, դեղատնից ստանալ դեղորայքը։

Էլեկտրոնային դեղատոմսը  գործածության մեջ մտնելու համար պետք է  դեղերի ռեգիստրը պատրաստ լինի դրան։ Այդ նպատակով «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ի հետ աշխատանքներ են տարվել, վերջնական տեսքի է  բերվել  դեղերի ցանկը, այն շրջանառվել, հաստատվել է,  և արդեն առկա է «ԱՐՄԵԴ» համակարգում։ Սա այն կարևոր քայլն է, որ պետք է արվեր մինչև էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումը, և արդեն կարող ենք արձանագրել, որ արված է։

Հաջորդ կարևոր  բաղադրիչը լաբորատորիաներին է վերաբերում: Որպեսզի լաբորատոր բոլոր հետազոտությունները  կուտակվեն մեկ վայրում՝ պացիենտի անձնական հաշվում, չափումների համար պետք է գործի կոդավորման միևնույն համակարգը:  Օրինակ՝ մի լաբորատորիայում լեյկոցիտների հետազոտությունները կարող են կոչվել հենց այդպես՝ լեյկոցիտների, մեկ այլ լաբորատորիայում՝ արյան սպիտակ գնդիկների, և համակարգը  չհասկանա, որ դա նույն պարամետրն է: Նախարարության հետ համատեղ մեծ աշխատանք է տարվել ստանդարտացման ուղղությամբ։ Մշակվել է նախնական ցուցակ՝ 3500 չափումով,  որը  շրջանառվել է  հանրապետության բոլոր 140 լաբորատորիաներում։ Առաջարկվել է ավելացնել իրենց կողմից արվող այն հետազոտությունները, որոնք  ցուցակում ընդգրկված չեն։ Արդյունքում, արդեն ունենք 16  հազար չափում պարունակող ցուցակ, որը ևս մեկ անգամ կշրջանառվի։

 Դա կարևոր է, քանի  որ պետք է  վստահ լինենք, որ չկա այնպիսի լաբորատոր հետազոտություն,  որը  մեր ցուցակում ընդգրկված չէ։ Միայն սրանից հետո արդեն լաբորատորիաները կարող են ինտեգրվել ԱՐՄԵԴ համակարգին, և լաբորատոր հետազոտությունները ևս հասանելի կլինեն պացիենտի համար։ Բացի այդ, ստանդարտացումը  կօգնի նաև, որպեսզի մեր լաբորատորիաների հետազոտություններն արտերկրի բուժհաստատությունների համար հասկանալի լինեն: Ստանդարտացնելիս օգտագործվում են միջազգային կոդեր։ Ուստի կարևոր է, որ նաև քաղաքացին պահանջի, որպեսզի իր  կամ պետության վճարած գումարի դիմաց իրեն տրամադրված բուժծառայությունները էլեկտրոնային հետք ունենան և  կուտակվեն իր անձնական հաշվում։ Դա կարող է կարևոր լինել նրա իսկ կյանքի համար»։

Լրատվամիջոցի այն դիտարկամնը, որ շատ երկրներում կա EHR (Electronic health record)  հասկացությունը, երբ պացիենտի առողջության պատմությունը հասանելի է լինում նրան բուժող բժշկին, մեզ մոտ ե՞րբ կլինի նման բան՝ Ավետ Մանուկյանը նշել է, որ այդ ուղղությամբ քայլեր արվում են, և այն  գործընթացները, որոնց մասին խոսեցի,  իրականում այս ամենի  նախապատրաստական աշխատանքներն են: Ինչպես շատ առաջադեմ երկրներում, մեզ մոտ էլ կա երկու տեսակի քարտ՝ ամբուլատոր քարտ և պատմագիր։

«Ամբուլատոր քարտը վերաբերում է առաջնային օղակին, այնտեղ ստացած ծառայություններին, և դրա  էլեկտրոնային տարբերակն արդեն պատրաստ է, իսկ ստացիոնար այցերին վերաբերող քարտը կամ  պատմագիրը ներառում է հիվանդանոցային բուժման ընթացքը, այնտեղ պացիենտի հետ կատարված գործողությունները։ Այս  մասով, կարելի է ասել, նույնպես մեծ  ծավալի աշխատանք է կատարվել և դեռ շարունակվում է։ Այն, ինչ լրացվում է թղթի վրա, պետք է մուտքագրվի համակարգում՝ հաստատված ձևաչափերով»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել