Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին այսօր՝ հուլիսի 4-ին, քննարկվեց ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը նիստում ներկայացրեց նախագիծ, որով հնարավորություն է նախատեսվում մինչև 15 տարվա վաղեմություն ունեցող ՄԻԵԴ-ի վճիռներով բացահայտված խախտումներով դատավորի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթներ, այսինքն նաև այն վճիռներով, որոնք կայացվել են մինչ նշված փոփոխությունը։
«ՄԻԵԴ-ի ակտերով բացահայտված խախտումների հիմքով՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու համար սահմանվել է բարձր նշաձող: Մասնավորապես, այս դեպքում լիազորությունների դադարեցում հնարավոր է լինելու կիրառել, եթե հիմնավորվի, որ դա ակնհայտորեն պայմանավորված է դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերով։
Նախագծի երկրորդ ընթերցումից առաջ նախագծում կատարվել են որոշ հստակեցումներ և տեխնիկական խմբագրումներ»,- ասաց Գրիգոր Մինասյանը:
Հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն տվեց: