Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ 2022 թվականի հուլիսի 6-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։
Օրակարգում ընդգծված է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը։
Ըստ նախագծի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած, ինչպես նաեւ տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց:
Նշվում է, որ բացառիկ ծառայության, ինչպես նաեւ տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը եւ գնահատման չափանիշները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձինք երդման արարողությանը մասնակցելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայանում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս որեւէ իրավական ակտով սահմանված չէ, թե որ ծառայություններն են համարվում Հայաստանի Հանրապետությանը մատուցված բացառիկ ծառայություններ: Նախագծով իրավական որոշակիություն կապահովվի։
Բացի այդ, հիմնավորման մեջ նշված է, որ տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի ոլորտները զարգացնելու նպատակով նպատակահարմար է ընդլայնել այն անձանց շրջանակը, որոնք իրենց նշանակալի ավանդը կունենան մի շարք ոլորտներում:
Նախագծով ակնկալվում է, որ տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող օտարերկրյա քաղաքացիներին հնարավորություն կտրվի պարզեցված կարգով ստանալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ինչն էլ կհանդիսանա նշված բնագավառների զարգացման էական գործոն: Բացի այդ, կապահովվի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը:
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից: