Ճզմիչ կնիքի պարտադիր առկայության պահանջը կվերացվի․ ԱԳՆ նոր նախագիծը

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Արտաքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը։

Նշվում է, որ նոտարական ակտի բաղադրիչ է հանդիսանում ճզմիչ կնիքը: Ներկայումս գործում է «QR» կոդը և «e-verify» համակարգը, որը հնարավորություն է տալիս հավաստիանալու վավերացված փաստաթղթի իսկության մեջ, որն ավելի արդյունավետ տարբերակ է:

«Ուստի նման պայմաններում նոտարական ակտի բովանդակության բաղադրիչ հանդիսացող ճզմիչ կնիքի անհրաժեշտությունը վերանում է, ինչի կիրառումը ներկայումս հավելյալ ռեսուրսի վատնում է հանդիսանում (նյութական ծախս, ժամանակ, հավելյալ գործողության կատարում)»,-նշվում է հիմնավորման մեջ:

Նշվում է, որ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններին ճզմիչ կնիքներով ապահովելն առավել բարդ և ծախսատար գործընթաց է (ճզմիչ կնիքի ձեռքբերման, դիվանագիտական փոստով փոխադրման ծախսեր), քանզի դիվանագետները գործուղվում են 3 տարի ժամկետով և յուրաքանչյուր երեք տարին մեկ անհրաժեշտություն է ծագում ճզմիչ կնիքները փոխելու համար:

«․․․Գործող օրենքով նոտարական գործողության կատարումը կարող է մերժվել միայն, եթե հետախուզման որոշում կայացրած անձից կամ մարմնից կամ արդարադատության նախարարությունից նոտարը ստացել է անձի հետախուզման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն: Մինչդեռ, հյուպատոսը նոտարական գործողություններ կատարելուց առաջ ստուգում է անձի ինքնությունը հյուպատոսական էլեկտրոնային համակարգի միջոցով, որտեղ հստակ երևում է ՝ արդյոք անձը գտնվում է հետախուզման մեջ, թե ոչ:

Ուստիև, համաձայն գործող օրենսդրության, հյուպատոսը չի կարող մերժել հյուպատոսական գործողություններ կատարելն այն անձի նկատմամբ, քանի դեռ չի ստացել անձի հետախուզման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն, ինչը համարում ենք ոչ արդյունավետ միջոց, քանի որ հնարավոր է, որ հետախուզման որոշում կայացրած անձից կամ մարմնից կամ արդարադատության նախարարությունից անձի հետախուզման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չստացվի, սակայն հյուպատոսը հյուպատոսական էլեկտրոնային համակարգի միջոցով անձի ինքնությունը ճշտելիս պարզի, որ տվյալ անձը գտնվում է հետախուզման մեջ, սակայն չկարողանա մերժել նոտարական գործողություններ կատարելը՝ բավարար իրավական հիմքերի բացակայության պատճառով:

Օրենքով սահմանված է, որ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անունից նոտարական գործողություններ կարող են կատարել դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարները, այնինչ ինչպես հյուպատոսական այլ գործառույթները, այդ թվում՝ նոտարական գործառույթները, ենթակա են կատարման հենց հյուպատոսի պարտականությունները կատարող անձի կողմից: Ավելին, զգալի ծանրաբեռնվածություն ունեցող դիվանագիտական ծառայության մարմիններում արդյունավետ է հյուպատոսի և փոխհյուպատոսի պարտականություններ կատարող դիվանագետների միաժամանակյա ներկայությունը, որի առնչությամբ էլ նախագծով առաջարկում ենք դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անունից նոտարական գործողություններ կատարելու իրավասությունը վերապահել ինչպես հյուպատոսի, այնպես էլ փոխհյուպատոսի պարտականություններ կատարող անձանց: Սույն առաջարկության իրավաչափությունը համապատասխանում է «Դիվանագիտական ծառայության մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքների, «Հյուպատոսական կապերի մասին» 1963թ. Վիեննայի կոնվենցիայի պահանջներին:

Միաժամանակ, Օրենքով սահմանված «դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական հիմնարկներ» բառերը «դիվանագիտական ծառայության մարմիններ» բառերով փոխարինելու առաջարկությունը բխում է «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի պահանջից:

Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 45-րդ հոդվածում, որը նվիրված է նոտարական կարգով վավերացված կամ հաստատված փաստաթղթերում ուղղումներ կատարելու կարգին, ավելացնել դրույթ, ըստ որի նոտարական կարգով վավերացված կամ հաստատված փաստաթղթերում ուղղումներ կարող են կատարվել ինչպես տվյալ գործարքն ի սկզբանե կատարած նոտարի, այնպես էլ այլ նոտարի կողմից: Սույն դրույթն ավելացվում է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում վավերացված կամ հաստատված փաստաթղթերում ուղղումներ կատարելու անհրաժեշտության առաջացման պարագայում քաղաքացիները հանդիպում են լուրջ խոչընդոտների: Մասնավորապես, գտնվելով Հայաստանի Հանրապետությունում կամ այլ պետությունում՝ ոչ բոլոր դեպքերում է հնարավոր լինում ներկայանալ տվյալ գործարքը վավերացրած կամ հաստատած դիվանագիտական ծառայության մարմին»,-նշվում է նախագծի հիմնավորման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել