Ուկրաինան քայլեր չի ձեռնարկի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, քանի որ դաշինքի անդամները մերժել են նրա նկրտումները, Financial Times-ին տված հարցազրույցում ասել է երկրի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։ Տեղեկանում ենք РИА Новости-ից։
Պաշտոնյան խոստովանել է, որ Կիևի միանալը ռազմական դաշինքին հնարավոր չէ կարճաժամկետ հեռանկարում, սակայն հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ն կհաստատի գործընկերությունը։
Ժովկվան նաև կոչ է արել ՆԱՏՕ-ին Մադրիդում կայանալիք գագաթնաժողովում ճանաչել Ուկրաինայի կենտրոնական դերը եվրոպական անվտանգության մեջ։ Դաշինքի անդամների հանդիպման ժամանակ նախատեսվում է որոշել կազմակերպության ռազմավարական զարգացման ուղղությունը, և Զելենսկու գրասենյակի ներկայացուցիչը դաշինքից պահանջել է հեռացնել Ռուսաստանի՝ որպես ռազմական դաշինքում գործընկերոջ ցանկացած հիշատակում և խիստ նախազգուշացում տալ։
«Մի՛ ամաչեք. սա իմ կոչն է ՆԱՏՕ-ի անդամներին Ռուսաստանի վերաբերյալ դրույթներ ձևակերպելիս»,- հավելել է պաշտոնյան։
——————————-
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։