Եթե ամբողջական ձայնագրությունը Ռուբեն Վարդազարյանը ներկայացնի, ապա դա նրա համար լուրջ հետևանքներ կարող է ունենալ. Գագիկ Ջհանգիրյան

Եթե ամբողջական ձայնագրությունը ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը ներկայացնի, ապա դա նրա համար լուրջ հետևանքներ կարող է ունենալ․ այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը՝ անդրադառնալով օրեր առաջ հրապարակված աղմկահարույց ձայնագրությանը:

Նրա խոսքով՝ այն, ինչ իրեն է  վերաբերվում՝ Վարդազարյանը ծաղկաքաղ է արել ու ներկայացրել:

ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը ներողություն խնդրեց ձայնագրության մեջ առկա հայհոյանքների համար:

«Ես ուզում էի հայցել մեր մայրերի, քույրերի, կանանց, աղջիկների ներողամտությունը, որ հակառակ իմ կամքի, այլ լսարանում, փակ միջավայրում, տղամարդկանց շրջապատում որոշ անվայելուչ արտահայտությունների համար. իմ վրիպման արդյունքում հանրայնացվեցին, ես զղջում եմ։ Այդ արտահայտություններն իրենց լսարանի համար չէին նախատեսված։ Դա տղամարդկային նեղ շրջանակում ընթացող քննարկման արդյունքում, մտերմիկ զրույցի տիրույթում արտաբերած բառեր էին»,- ասաց նա։

Ջհանգիրյանի խոսքով՝ այդ օրը իրենց հանդիպումը տևել է մոտ 2 ժամ:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք չի պատրաստվում հրաժարական տալ, Ջհանգիրյանն ասաց. «Ես իմ կյանքում 3 անգամ եմ հրաժարական տվել իմ զբաղեցրած պաշտոններից. 1997 թվականին արդարադատության առաջին տեղակալն էի և հրաժարական տվեցի, մյուսը՝ 2000 թվականին եղել եմ զինվորական դատախազ և դատախազական հսկողություն եմ իրականացրել հոկտեմբերի 27-ի հանցագործությունը քննող քննչական խմբի նկատմամբ և հրաժարական եմ ներկայացրել երկրորդ նախագահին, որը չի ընդունվել, երրորդը՝ 2008 թվականին իմ աշխատասենյակից ուղղակի եկել եմ հրապարակ, միացել համաժողովրդական շարժմանը՝ հասկանալով, որ հաջորդ օրը պետք է ազատվեի զբաղեցրածս պաշտոնից։ Այսինքն, որևէ քաղաքական ուժի, դաշինքի պարտադրանքի արդյունքում երբեք հրաժարական չեմ տվել»,- ասաց նա։

Վերջինիս խոսով՝ ինքն էլ իր առաջ խնդիր է դրել, որ Ռուբեն Վարդազարյանը կամավոր հրաժարական ներկայացնի, որովհետև նա դատական համակարգը մտցրել էր բացահայտ հակադրման մեջ գործադիր և օրենսդիր իշխանության հետ։

«Ես գնացել եմ բանակցությունների պարոն Վարդազարյանի հետ։ Քանի որ մեր հարաբերություններն արդեն լարված էին, թեև ինքը եղել է իմ ուսանողը, բայց նույնիսկ մինչև իմ ընտրվելը, ինքն արդեն ասում էր, որ ես իրավունք չունեմ և այլն։ Ես բազմաթիվ հանցագործների հետ եմ զրուցել, համոզել եմ ընդունել իրենց մեղքը, դու կիրառում ես հոգեբանական հնարքներ, օրինակ՝ դա ի՞նչ պաշտոն է, որ դու տենց կառչած ես դրանից, խելոք մարդը պիտի հասկանա, չէ՞, եթե այդպես է՝ ես ինչո՞ւ եմ այդ պաշտոնին նստել. այսինքն՝ որպեսզի նա հեշտությամբ տրվի այդ հորդորին, դիմում գրի, ազատվի, ես նրա աչքում նսեմացնում եմ իր զբաղեցրած պաշտոնը»,- ասաց նա։

Հարցին, թե ինչու է ձայնագրության մեջ Ջհանգիրյանը ասում՝ «վզիս դրված է», վերջինս պատասխանեց.««Վզիս դրածը» կոպիտ ասած՝ «իմ ճիտին պարտքն է», այսինքն՝ ես ինքս ստանձնել եմ կամավոր բարեփոխման ընթացքի կատարումը տեսական հիմքերի շարադրումը, դա ես ստանձնել եմ 1990 թվականից։ Որ ասում եմ՝ «վզիս դրած» է, ես նկատի ունեմ, որ դա իմ առաքելությունն է, իմ կոչումն է, ոչ թե որևէ մեկն է ինձ պարտադրել»,- ասաց նա։

Անդրադառնալով ձայնագրության մեջ առկա այն հատվածին, որ Ջհանգիրյանը խոստանում է քրեական գործեր կարճել, նա ասաց, որ դրանք հոգեբանական հնարքներ են։

«Կուտ եմ տվել, ժողովրդի լեզվով ասած։ Ես ո՞նց եմ հարուցել կամ կարճել տալիս այդ քրեական գործերը. իմ լիազորություններից դուրս բաներ են»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ այսօր ԲԴԽ-ն Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում է կայացրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել