ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 35-ամյա բնակչի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Դեպքի առթիվ ահազանգը ստացվել է 2022 թվականի հունիսի 23-ին` ժամը 11:30-ին, որով տեղեկացվել է նույն համայնքի Գետափի փողոցում ավտոմեքենայի պայթյունի մասին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, 35-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, վերջինիս պատկանող «Վազ 2121 Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վրա նախօրոք տեղադրել է պայթուցիկ սարք: 2022թ. հունիսի 23-ին ժամը 11:05-ին, երբ 35-ամյա տղամարդը գտնվել է իր ավտոմեքենայի մեջ՝ Փարաքար համայնքի Գետափի փողոցում, վերոնշյալ պայթուցիկ սարքը գործի է դրվել և պայթել, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը՝ժամը 12:05-ին մահացել է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունից