Կառավարության հունիսի 23-ի նիստի օրակարգում չզեկուցվող հարցերի մեջ ընդգծված է նաև «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը գումար հատկացնելու մասին նախագիծը, ըստ որի՝ ԱԱԾ-ին կհատկացվի 975,686.3 հազ. դրամ:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ նախագծի ընդունման արդյունքում ԱԱԾ բնականոն գործունեության իրականացման նպատակով 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ծառայությանը կհատկացվի 975,686.3 հազ. դրամ, որի արդյունքում առավել արդյունավետ կիրականացվեն ծառայության առջև դրված խնդիրների լուծման աշխատանքները:
Նշվում է, որ հետախուզության, հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով տեսանելի և գոհացուցիչ արդյունքների հասնելու համար գերակա խնդիր է ազգային անվտանգության մարմինները տեխնիկապես վերազինելը, որակյալ նոր կադրերով, անհրաժեշտ մասնագետներով համալրելը: