Իմ գրության հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ. պատգամավոր

Հունիսի 3-ին ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոցների կիրառման կապակցությամբ դիմել էի ՀՀ գլխավոր դատախազին։ Իմ գրության հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Հունիսի 3-ին Երևանում հավաքին մասնակցած քաղաքացիների նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից կիրառվել էին հատուկ միջոցներ, որի արդյունքում տուժել էին մի շարք քաղաքացիներ և ոստիկաններ։ Ընդ որում, ինչպես ավելի վաղ էլ հայտարարել էի, մասնագետների և ականատեսների վկայություններով քաղաքացիների և ոստիկանության ծառայողների ստացած բեկորային վնասվածքների ծանրության պատճառը հենց զինամթերքի ժամկետանց լինելն է, որը բացարձակ անթույլատրելի է։

ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրությամբ անդրադարձել էի առանց նախազգուշացման ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոցների կիրառման պնդումներին և մեջ բերել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի պահանջները, մասնավորապես՝ ոստիկանությունը հատուկ միջոցները գործադրելուց առաջ պարտավոր էր նախազգուշացնել հավաքին մասնակցող քաղաքացիներին դրանց գործադրման մասին։

Ոստիկանության հարկադրական բնույթի լիազորությունների իրականացումը պետք է ուղղված լինի ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակներին, իսկ դրանց հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր։

Գլխավոր դատախազին էի ներկայացրել նաև բոլոր այն մտահոգությունները, որ ոստիկանության զորքերի սպառազինությունում կիրառված հատուկ միջոցների պիտանելիության ժամկետը լրացած է եղել, քանի որ 2017թ-ից հետո կոնկրետ «Սվիրել» տեսակի լուսաձայնային արկ ձեռք չի բերվել, իսկ դրանց պիտանելիության ժամկետը ընդամենը 4 տարի է։

Գլխավոր դատախազին ուղղված գրությունը վերաբերում էր հանձնարարականի՝ քննության առնելու ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին որոշման իրավաչափությունը, կիրառված հատուկ միջոցների պիտանելիության, ժամկետանց լինելու վերաբերյալ հարցերը և համապատասխան ընթացք տալու։

Եվ ահա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի պատասխան գրության մեջ նշված է, որ ստացվել է իմ գրությունն այն մասին, որ 2022 թվականի հունիսի 3-ին ոստիկանության ծառայողներն առանց նախազգուշացման կիրառել են ժամկետն անցած հատուկ միջոցներ, որի հետևանքով տարբեր քաղաքացիներ ստացել են բեկորային վնասվածքներ։ Նկատի ունենալով, որ նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ և պաշտոնատար անձի /անձանց/ կողմից բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և դրա հետևանքով անձանց իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառելու ենթադրյալ հանցագործության հատկանիշներ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով, որոշվել է բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու ենթադրյալ դեպքի առթիվ հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով։

Հետևողական եմ լինելու քրեական գործերի ընթացքին և ոստիկանության կողմից շարունակվող ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտման յուրաքանչյուր դեպքի մասով:

Հ․Գ․ Հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել