Առանց վիզայի ռեժիմ՝ Էկվադորի Հանրապետության հետ․ կառավարությունը ընդունեց որոշումը

Կառավարությունն ընդունեց Հայաստանի Հանրապետության և Էկվադորի Հանրապետության հետ մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման մասին նախագիծը։

Փոխադարձության սկզբունքի հիման վրա՝ Էկվադորի Հանրապետության քաղաքացիների համար սահմանվել է առանց մուտքի վիզայի ռեժիմ 2022 թվականի հունիսի 23-ից:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ որոշումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և այդ երկրի միջև համագործակցային հարաբերությունների զարգացման և ամրապնդման քայլերով: Այն նաև փոխադարձում է Էկվադորի կողմից Հայաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման որոշմանը։ Էկվադորի կողմից միակողմանի հանված է վիզային պահանջը գրեթե բոլոր պետությունների պարագայում, բացառությամբ փոքր խմբի (25 երկիր, այլոց թվում Աֆղանստան, Պակիստան, Սիրիա, Հնդկաստան, Բանգլադեշ, Շրի Լանկա, Հյուսիսային Կորեա, Իրաք, Կուբա, Վենեսուելա, Հաիթի և մի շարք աֆրիկյան երկրներ)։

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը ինչպես սովորական, այնպես էլ դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց վիզայի մուտքի ռեժիմ ունի Հարավային Ամերիկայի մի շարք երկրների, մասնավորապես՝ Արգենտինյան Հանրապետության, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության հետ, ինչպես նաև կնքել է դիվանագիտական անձնագրեր կրող քաղաքացիների դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրեր Մեքսիկական Միացյալ Նահանգների և Չիլիի Հանրապետության հետ: Աշխատանքներ են տարվում Պերուի հետ բոլոր անձնագրերի պարագայում վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագրի կնքման ուղղությամբ:

«Որոշման ընդունումը թույլ կտա Էկվադորի Հանրապետության քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: Այն  կնպաստի Հայաստանից այդ երկիր քաղաքացիների այցելությունների և զբոսաշրջության զարգացմանը, գործարար կապերի խթանմանը»,-նշվում է հիմնավորման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել