Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բարեկամին աշխատանքի առաջարկ երբևէ չի արվել․ ՔԿԾ-ից պարզաբանում են

Հունիսի 19-ին Iravaban.net լրատվական կայքում հրապարակվել էր հոդված, որտեղ Քրեակատարողական ծառայության նախկին աշխատակիցը պնդումներ է արել, թե իրեն «սպառնում են առանց աշխատանք թողնել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակի պատճառով»։

Ծառայությունը Iravaban.net-ին պարզաբանում է ուղարկել հրապարակման առնչությամբ։

«Տեղեկացնենք, որ ՔԿՀ-ի ծառայող Գևորգ Բեգլարյանը «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի գործունեության դադարեցումից հետո ընդգրկվել է կադրերի ռեզերվում, և այն պնդումները, թե կադրերի ռեզերվում գտնվող այլ աշխատակիցների հրավիրում են աշխատանքի, իրեն՝ ոչ, իրականությանը չի համապատասխանում։

Ռեզերվում գտնվելու ընթացքում Գևորգ Բեգլարյանը մի քանի անգամ հետաքրքրվել է Ծառայությունում առկա թափուր հաստիքների մասին: Նրա բանավոր հարցումներին պատասխանվել է, որ թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներին դիմելու գործընթացն ազատ է, ՀՀ ցանկացած քաղաքացի, այդ թվում՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում ծառայող կամ կադրերի ռեզերվում գրանցված ցանկացած ծառայող կարող է մասնակցել և հաղթող ճանաչվելու դեպքում նշանակվել համապատասխան պաշտոնում: Սակայն մինչ օրս Գ․Բեգլարյանի կողմից որևէ մրցույթի մասնակցելու դիմում երբևիցե չի ներկայացվել, նրան տեղեկացվել է, որ մի շարք քրեակատարողական հիմնարկներում ստեղծվելու են առաջատար մասնագետների հաստիքային միավորներ, և ինչպես ինքը, այնպես էլ կադրերի ռեզերվում գրանցված այլ ծառայողներ կտեղեկացվեն այդ մասին:

Իրականությանը չի համապատասխանում նաև այն, որ Արդարադատության նախարարի քրոջ տղային նշանակել են «Աբովյան» ՔԿՀ-ում։ Ի գիտություն նշենք, որ նախարարը քույր չունի, հետևաբար չէր կարող քրոջ որդի ունենալ և նշանակել որևէ պաշտոնի, իսկ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բարեկամին աշխատանքի առաջարկ երբևէ չի արվել, ավելին՝ նրա ազգականներից քրեակատարողական համակարգում չեն աշխատում։

Գևորգ Բեգլարյանի այն հայտարարությունը, թե նամակի պատճառով իրեն սպառնում են առանց աշխատանքի թողնել, ցանկանում ենք ևս մեկ անգամ պարզաբանել՝ ՀՀ ԱՆ ՔԿԾ պետ Սերգեյ Ատոմյանի նախաձեռնության հիման վրա ՀՀ արդարադատության նախարարի՝ 2022 թվականի մայիսի 12-ի N 235-Ա հրամանով մի շարք քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների կրտսեր խմբի պաշտոնները փոխարինվել են միջին խմբի՝ առաջատար մասնագետի պաշտոններով: Նշված գործընթացի նպատակն է եղել Քրեակատարողական ծառայությունը բարձրագույն կրթությամբ անձանցով համալրելը, աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելը, ինչպես նաև Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված ծառայողներին Ծառայությունում հնարավորինս ներգրավելը:
2022 թվականի մայիսի 19-ին Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված բոլոր ծառայողները հրավիրվել են Ծառայության կենտրոնական մարմին՝ վերոնշյալ գործընթացի շրջանակներում իրենց հետագա ծառայության հնարավորությունները քննարկելու համար, սակայն Գևորգ Բեգլարյանը հրաժարվել է ներկայանալ, ուստի և սխալ է նաև նրա այն պնդումը, որ ՀՀ վարչապետին ուղղված նամակի պատճառով իրեն «․․․ սպառնում են առանց աշխատանք թողնել»։

Հայտնում ենք, որ հունվարից մինչ օրս ՀՀ ԱՆ «Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ների 267 աշխատողներից 188-ը (70%) նշանակվել է Քրեակատարողական ծառայության տարբեր ստորաբաժանումների համապատասխան պաշտոններում, 59-ը ազատվել է ծառայությունից՝ տարբեր պատճառաբանություններով, իրենց դիմումի համաձայն, կենսաթոշակ ձևակերպելու, այլ աշխատանքի անցնելու նպատակներով, 20-ը ներկայումս գրանցված է կադրերի ռեզերվում:

Տեղեկացնում ենք, որ Մրցույթների մասին հայտարարությունները մշտապես զետեղվում են Քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքում՝ www.penitentiary.am, ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում՝ www.azdarar.am , իսկ քաղաքացիական ծառայության պաշտոնների դեպքում՝ նաև ՔԾՏՀ-ում)»,-նշվում է պարզաբանման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել