Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շահագործման չհանձնված շինությունների (այսուհետ՝ կառուցվող շինություն) նկատմամբ իրավունքների պետական գրանցման հիմք են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը, տվյալ շինության ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը (այսուհետ՝ շինության նախագիծ) և շինարարության թույլտվությունը:
Իրավունքի պետական գրանցում կատարելիս գրանցման մատյանում շինության տվյալները լրացվում են վերը սահմանված փաստաթղթերի հիման վրա, իսկ լրացուցիչ տեղեկություններում և գրանցման վկայականում պարտադիր նշում է կատարվում, որ շինության մասով գրանցման օբյեկտը կառուցվող շինության նկատմամբ կառուցապատողի իրավունքներն են:
Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի գրանցումից հետո կառուցապատողի դիմումի հիման վրա կարող են գրանցվել շենքի ծավալում ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված բնակարանները և ոչ բնակելի տարածքները, որոնց համար գրանցման մատյանում և գրանցման վկայականում պետք է պարտադիր նշվի շենքի կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված առանձնացվող միավորի մակերեսի չափին համապատասխանող բաժնեմասը:
Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում առանձնացված միավորի նկատմամբ իրավունքներն այլ անձի փոխանցվելու դեպքում փոխանցված իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթերի հիման վրա նոր իրավատիրոջ անվամբ գրանցվում է վերջինիս կողմից ձեռք բերված հողամասի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքում համապատասխան բաժնեմասը՝ պարտադիր նշելով այդ բաժնեմասին համապատասխանող բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի կադաստրային ծածկագիրը և մակերեսի չափը՝ ըստ ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի:
Կառուցվող շինությունների, այդ թվում՝ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում առանձնացված միավորների նկատմամբ գրանցված իրավունք ունեցող անձանց սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացվում է շինության շահագործման փաստագրման ակտի ձևակերպումից հետո՝ ավարտված շինության նկատմամբ իրավունքի պետական գրանցման համար սահմանված կարգով: