Մեզ պետք է այս իշխանության կործանարար ապագային այլընտրանք առաջարկող իշխանություն, որը տեր կկանգնի մեր հաղթանակներին, կվերցնի պատմական և քաղաքական պատասխանատվություն, կառաջարկի ներկա վիճակից դուրս գալու հստակ ծրագրեր, կհամախմբի ողջ ժողովրդի ներուժը և կգնա դրա իրականացման հետևից։ Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, Ֆրանսիայի հրապարակում ընթացող համապետական հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
«Մեզ պետք է պատասխանատու և ազնիվ իշխանություն, որը չի խաբի և չի մոլորեցնի սեփական ժողովրդին։ Ավելին ասեմ՝ Հայաստանն այնպիսի ներքին և արտաքին բարդ մարտահրավերների առջև է կանգնած, որ լինել պատասխանատու իշխանություն՝ դեռ քիչ է, լինել պրոֆեսիոնալ և բանիմաց՝ դեռ քիչ է, լինել ազնիվ ու հայրենասեր՝ կրկին քիչ է։ Մեզ պետք է այս բոլորը միասին վերցրած։ Արտաքին ու ներքին խնդիրների քարտեզն այսօր դա է պահանջում։ Մենք ունենք ապազգային և դավաճան իշխանություն, որով դատապարտված ենք։ Սիրելի Հայրենակիցներ, ընդամենը 2 օր առաջ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարեց, որ Նիկոլի հետ ունի բանավոր պայմանավորվածություն, որպեսզի վերջինս երբեք չբարձրաձայնի Արցախի կարգավիճակի խնդիրը։ Իհարկե թշնամուն հավատալ չի կարելի, բայց նախընթաց դեպքերը դրա վառ ապացույցն են, որբ մեր բոլոր նախաձեռնությունները խոչհրդարանում՝ ուղղված Արցախի պաշտպանությանը, տապալվում են այս ՔՊ-ական խմբակցության կողմից։
Ալիևը պետք է իմանա, որ Նիկոլը երկար կյանք չունի Հայաստանում և Նիկոլ հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է, իսկ սպառնալիքներով կարող է խոսել միայն Նիկոլի հետ և հայ ժողովուրդը Նիկոլ չէ։
Այս իշխանությունում կան մարդիկ , որ ավելի հին են, քան ասենք՝ պենտյում 1-ը։ Այս իշխանությունում եղել են մարդիկ, որոնք ծառայել են, ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, այլ նաև Բրեժնեվին ու Գարբաչովին։ Հետևաբար, նայեք ձեր կողքերը և տեսեք, թե ով է հին ու ձեր միջի առանցքային պաշտոնյաները որտեղից են գալիս։ Այո, բոլոր վատ բաները պետք է մնան անցյալում, այն՝ ինչ օգտակար չէ, մնալու է անցյալում, և մենք միասին կերտելու ենք՝ երաշխավորված ուժեղ ապագայով Հայաստան»,-նշեց Սաղաթելյանը։