Զինված ուժերի առօրյա ծառայությունը պետք է վերադարձնել իր բնականոն հուն․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ելույթը ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող համապետական հանրահավաքի ընթացքում։

«Նախընտրական քարոզարշավի օրերին իշխող ուժի ղեկավարն ասում էր՝ ինչ ուզեն կտամ, բայց խաղաղություն կբերեմ: Ինչ ուզում են՝ տալիս է, սակայն այդքան սպասված խաղաղությունը չի բերել։ Երբ պատերազմից հետո ես, ռազմական գործիչները, փորձագետները խոսում էինք բանակի վերականգնման, արդիականացման մասին, իշխանության քարոզչամեքենան փորձում էր դա ներկայացնել, որպես նոր պատերազմ հրահրելու փորձ:

Եթե պատերազմը կանգնեցվեր հոկտեմբերի 19-ին, մեր զոհերի թիվը մի քանի հազարով պակաս կլիներ, բայց, ցավոք, այս իշխանության համար մարդկային կյանքն արժեք չունի։

Բանակի բարեփոխումների հիմքում պետք է դնել հանրային կոնսեսուսի գործոնը: Հասարակությունը չի կարող բաժանված լինել սևերի ու սպիտակների։ Պաշտպանության նախարարը պետք է դառնա հասարակության բոլոր խմբերի հետ այս կամ այն կերպ առնչվող, աշխատող ամենաակտիվ դեմքը: Ազգ-բանակ հայեցակարգի առաջ քաշումն այլընտրանք չունի: Բանակը պետք է շոշափի բոլորիս, յուրաքանչյուրս պետք է դառնանք բանակի մասնիկը։

Զինված ուժերի առօրյա ծառայությունը պետք է վերադարձնել իր բնականոն հուն՝ սկսած զինծառայողների փոխհարաբերություններից մինչև մարտական պատրաստականություն։ Խաղաղության օրակարգի ապահովման ամենակարևոր գործոնը մարտունակ բանակն է։ Պետք է վերականգնել մարտունակ զինուժը։

ԶՈՒ բարեփոխումների հիմքում մարդն է՝ զինծառայողը, ով պետք է ստանա անհրաժեշտ մասնագիտություն, կրթություն, իսկ զուգահեռ ապահովված լինի սոցիալ-կենցաղային բոլոր հնարավորություններով: Մեր գերնպատակը պետք է լինի եղած սահմանափակ ռեսուրսների պայմաններում առավելագույն արդյունք ունենալը: Առանց այս իշխանության հեռացման որևէ ռեֆորմ չի լինելու»,-եզրափակել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել