Լիսինյան փողոցը կանվանափոխվի․ ավագանին որոշում կընդունի

Հունիսի 21-ին Երևանի ավագանին նիստ կգումարի։ Օրակարգում է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Լիսինյան փողոցը ականավոր գիտնական, ֆիզիկոս, գեղանկարիչ Գրիգոր Գուրզադյանի և ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սարգիս Գուրզադյանի անվամբ՝ «Գրիգոր և Սարգիս Գուրզադյանների փողոց» անվանափոխելու հարցը։

Iravaban.net-ը հայտնում է, որ որոշման նախագծում ասվում է, որ ականավոր գիտնական, ֆիզիկոս, գեղանկարիչ Գրիգոր Գուրզադյանը ծնվել է 1922թ. Իրաքի մայրաքաղաք Բաղդադում։ Ծնողները 1915 թվականին մազապուրծ են եղել Մեծ եղեռնից։

1944 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հիդրոտեխնիկական և շինարարական ֆակուլտետը: Նույն տարի ընդունվել է ասպիրանտուրա: 1948 թվականին՝ 26 տարեկան հասակում, Մոսկվայի պետական համալսարանում՝ Վիկտոր Համբարձումյանի ղեկավարությամբ, պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Միջաստղային գազային նյութի ճառագայթային հավասարակշռությունը» թեմայով: Վ. Համբարձումյանի հետ երկար տարիներ աշխատել է Բյուրականի աստղադիտարանում՝ հիմնադրումից ի վեր:

1955 թվականին Լենինգրադի պետական համալսարանում պաշտպանել է դոկտորական թեզ։ 1950-1966 թվականներին ղեկավարել է ԲԱ աստղերի և միգամածությունների ֆիզիկայի բաժինը։ 1967-1973 թվականներին՝ տիեզերական հետազոտությունների մասնաճյուղը։ 1973-1978 թվականներին ղեկավարել է Գառնիի աստղագիտության լաբորատորիան։ 1978-1992 թվականներին եղել է ԲԱ արտամթնոլորտային աստղագիտության լաբորատորիայի վարիչ, 1979 թվականից ԵրՊԻ տիեզերական սարքաշինության ամբիոնի վարիչ։ 1992-2004 թվականներին՝ Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտի տնօրեն։

1962 թվականին Գրիգոր Գուրզադյանն արժանացել է պրոֆեսորի կոչման։

Կենդանության օրոք լեգենդ դարձած Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Գրիգոր Գուրզադյանի անունը հայտնի է համաշխարհային գիտական շրջանակներին, իսկ նրա տիեզերական գործունեությունն ընդգրկված է միջազգային հանրագիտարաններում:

Գրիգոր Գուրզադյանը հրատարակել է ավելի քան 200 գիտական հոդված և մեկ տասնյակ ստվարածավալ մենագրություններ՝ նվիրված աստղաֆիզիկայի հիմնախնդիրներին։

ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սարգիս Գուրզադյանը ծնվել է 1929 թվականին: 1946 թվականին ավարտել է Երևանի Ավետիք Իսահակյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1946-1951 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիակական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետական բաժնում: 1951 թվականին աշխատանքի է ընդունվել «Հայնախագիծ» ինստիտուտում՝ Սամվել Սաֆարյանի արվեստանոց: 1969 թվականից եղել է «Հայպետնախագիծ» ինստիտուտի № 1 ճարտարապետական արվեստանոցի ղեկավարը, 1974-1979 թվականներին՝ ՀՃՄ վարչության քարտուղար, 1994 թվականին նշանակվել է «Հայնախագիծ» ԲԲԸ խորհրդի նախագահ։ 2002 թվականին արժանացել է Ճարտարապետության միջազգային ակադեմիայի պրոֆեսորի կոչման։

Սարգիս Գուրզադյանի վաստակի ապացույցն են Երևանի խորհրդանիշներ «Կասկադը» և «Վերածննդի համալիրը»:

Սարգիս Գուրզադյանի նախագծերով կառուցվել են մի շարք բնակելի և հասարակական շենքեր և այլն:
Գուրզադյան եղբայրները 1924 թվականից բնակվել են Լիսինյան փողոցում:

Երևան քաղաքի Լիսինյան փողոցը Գրիգոր և Սարգիս Գուրզադյանների անվամբ անվանափոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Լիսինյան փողոցի բնակիչների և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Արմեն Սարգսյանի կողմից:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման 16-րդ կետը՝ առաջարկվում է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Լիսինյան փողոցն անվանափոխել Գրիգոր և Սարգիս Գուրզադյանների անվամբ՝ «Գրիգոր և Սարգիս Գուրզադյանների փողոց»։

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականիդեկտե մբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝ Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվում սույն որոշման նախագիծը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել