Չիլե Դ.-ն կենցաղային հարցերի շուրջ իրենց տանը վիճել է ամուսնու հետ: Դեպքը տեղի է ունեցել 2022 թվականի հունվարի 13-ին։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Վիճաբանության ընթացքում Չիլե Դ.-ն հողաթափը նետելով հարվածել է ամուսնու գլխին, որից հետո ոչխարի չոր գոմաղբի կտորով հարվածել է վերջինիս աջ այտին:
Ստացած հարվածների հետևանքով ամուսինը ստացել է գլխի աջ գագաթային շրջանի սալջարդ վերքի և աջ այտի շրջանում քերծվածքի ձևով մարմնական վնասվածքներ:
Գործը վարույթ է ընդունվել 2022 թվականի ապրիլի 20-ին և մակագրվել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանին:
Չիլե Դ.- ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ):
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: