Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը:
Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հասարակական տրանսպորտի սպասարկման որակի ապահովման նկատմամբ իրականացվող մշտադիտարկումը:
Ըստ այդմ, նշվել է, որ կազմվել են 26 արձանագրություններ չնախատեսված վայրերում կայանում կատարելու, 8 արձանագրություններ՝ վարորդների ծխելու և 4 արձանագրություն էլ տրանսպորտային միջոցի անբավարար արտաքին տեսքի համար:
Այս համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել տնտեսվարողների կողմից հասարակական տրանսպորտի սպասարկման պատշաճ որակի ապահովման պարտավորության կատարումը:
«Մենք պետք է առավել խիստ և հետևողական լինենք սպասարկման բարձր որակի ապահովման, մասնավորապես երթուղիների սահմանված չվացուցակների պահպանման և երեկոյան ու առավոտյան ժամերին անհրաժեշտ մեքենաքանակի ապահովման ուղղությամբ: Պետք է բացառել միկրոավտոբուսներով սահմանված նստատեղերից ավելի անձանց տեղափոխումը: Առաջիկայում կքննարկենք նաև համայնքային ենթակայության տրանսպորտային միջոցներում փորձանական տարբերակով միասնական տոմսի ներդրման ծրագրի կազմակերպման հնարավորությունը»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը, անդրադառնալով մայրաքաղաքում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներին, պատասխանատուներին հանձնարարել է խստորեն վերահսկել դրանց ընթացքն ու հորդորել կապալառուներին աշխատանքները կազմակերպել այնպես, որ բնակչությանն ավելորդ անհարմարություններ չպատճառվեն:
«Այս հարցում անհրաժեշտ է լինել խիստ և հետևողական, որպեսզի այդ աշխատանքները հնարավորին արագ կատարվեն ու չխաթարեն մայրաքաղաքի բնականոն երթևեկը: Անհրաժեշտության դեպքում ասֆալտապատման աշխատանքները թող կազմակերպեն նաև գիշերային ժամերին, որպեսզի հատկապես բանուկ փողոցներում խցանումներ չգոյանան և բնակչությանն ավելորդ անհարմարություններ չպատճառվեն», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հանձնարարել նույն սկզբունքը կիրառել նաև «Երևան Ջուր», «Երևան գազ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «ԱրմենՏել» ընկերությունների կողմից վթարների վերացման հետևանքով ասֆալտբետոնե ծածկի քանդման և վերականգնման աշխատանքների դեպքում:
Իրավաբան.net